17:07  ,  24 մայիսի, 2015

Մոյսես Օրոզկո. Հաջորդ մրցաշրջանում «Արարատը» պայքարելու է չեմպիոնության համար

«Արարատի» 23-ամյա կիսապաշտպան Մոյսես Օրոզկոն «Փյունիկի» դեմ խաղում (2:2) դուբլի հեղինակ դառնալուց հետո պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին: Մեքսիկական «Տիգրեսի» եւ ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ կեսից առաջ էր միացել «Արարատին»:

Մոյսես, առաջին գոլերդ էին «Արարատի» կազմում: Կիսվիր տպավորություններով:

Իհարկե, շատ ուրախ եմ: Ավելի ուրախ կլինեի, եթե երեք միավոր վաստակեինք, սակայն հաճելի է, որ կարողացա օգնել թիմին խփած գնդակներով: «Փյունիկն» արդեն նվաճել է չեմպիոնի տիտղոսը եւ լավ թիմ է, սակայն մենք արժանի էինք հաղթանակի:

«Արարատն» աստիճանաբար սկսում է ավելի լավ խաղալ: Արդյո՞ք դա պայմանավորված է նոր գլխավոր մարզիչի գործոնով:

Կարծում եմ, որ խաղից խաղ մենք ավելի լավ ենք հանդես գալիս: Ցավոք, արդյունքներն առայժմ դրա մասին չեն խոսում, սակայն մենք հավատում ենք միմյանց, փորձում ենք բարելավել մեր խաղը եւ համագործակցությունը խաղադաշտում: Մրցաշրջանի վերսկսումից առաջ գրեթե նոր թիմ ստեղծվեց եւ մեզ ժամանակ էր պետք մարզիչների տակտիկական մտահաղացումները հասկանալու եւ միասնական գործելու համար:

Արդեն ադապտացվե՞լ ես մեր թիմում եւ հարմարվե՞լ ես հայկական ֆուտբոլին:

Ավելացնելու տեղ միշտ էլ կա, դժվար է հասնել կատարելության, բայց` այո, սկսում եմ ադապտացվել այստեղ: Չեմ կարող ասել, որ լիովին հարմարվել եմ, սակայն կարծում եմ, որ գնալով բարելավում եմ խաղս:

Ի՞նչ ծրագրեր ունես «Արարատի» հետ կապված:

Հաջորդ մրցաշրջանի համար մեր նպատակներն են մարտունակ կազմ ձեւավորելն ու չեմպիոնի կոչման համար պայքարելը: Դրանք նաեւ իմ նպատակներն են:

Ի՞նչ կարող ես ասել Հայաստանի առաջնության խաղամակարդակի մասին:

Շատ լավ մրցաշար է, որում հանդես են գալիս բավականին որակյալ թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով