00:19  ,  24 մայիսի, 2015

«Ռեալը» «շրխկացրեց» դուռը, Ռոնալդուն հեթ-տրիկով նշեց լավագույն ռմբարկուի կոչումը

Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Իսպանիայի 2014/15թթ. առաջնությունը: Պրիմերայի եզրափակիչ տուրի վերջին խաղում Արքայական ակումբը 7:3 հաշվով պարտության մատնեց «Խետաֆեին»:

Մադրիդում կայացած հանդիպման առաջին խաղակեսում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն հյուրերը եւս աչքի ընկան 3 անգամ եւ թիմերն ընդմիջման գնացին 3:3 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» խփեց եւս 4 գոլ, ինչին «Խետաֆեն» պատասխանել չկարողացավ: 58-րդ րոպեին Ռոնալդուին փոխարինեց նորվեգացի 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով նորամուտը նշեց «Ռեալի» գլխավոր թիմում:

Ռոնալդուն Պրիմերայում գոլերի անձնական ռեկորդ սահմանեց եւ, առաջնությունն ավարտելով 48 գնդակով, ճանաչվեց լավագույն ռմբարկու: Պորտուգալիայի հավաքականի ավագը 5 գոլով գերազանցեց կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Ռմբարկուների ցուցակում 3-4-րդ տեղերը բաժանեցին բրազիլացի Նեյմարն («Բարսելոնա») ու ֆրանսիացի Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), ովքեր աչքի են ընկել 22-ական անգամ:

«Ռեալը» 92 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 2 միավոր զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած «Բարսելոնային», որին գերազնացեց խփած գոլերով (118-110): Բրոնզե մեդալակիր Մադրիդի «Աթլետիկոն» եւս կխաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ չորրորդ տեղը գրաված «Վալենսիան» նվաճել է այդ մրցաշարի որակավորման փուլի ուղեգիր: Այս տարի Պրիմերայից դուրս են մնացել «Ալմերիան», «Էյբարը» եւ «Կորդոբան»: 

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ» - «Խետաֆե»՝ 7:3

Կրիշտիանու Ռոնալդու, 13, 32, 34 (11մ), Չիչարիտո, 47, Խամես Ռոդրիգես, 51, Խեսե, 71, Մարսելո, 90 – Սերխիո Էսկուդերո, 22, Դիեգո Կաստրո, 26, Պեդրո Լեոն, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով