23:21  ,  23 մայիսի, 2015

«Նոու Կամպը» հրաժեշտ տվեց Չավիին, «Բարսելոնան» ստացավ չեմպիոնական գավաթը (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնայի» 35-ամյա ավագ Չավի Հերնանդեսը մայիսի 23-ին վերջին խաղն անցկացրեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում:

Պրիմերայի վերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բարսելոնան» 2:2 հաշվով ավարտեց «Դեպորտիվոյի» դեմ տնային խաղը, իսկ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես եկավ 86 րոպե: «Նոու Կամպ» ստադիոնը մեծ պաստառ էր պատրաստել Չավիի պատվին: Ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացրած իսպանացին հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու քաթարյան «Ալ Սադում», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հանդիպումից հետո կիսապաշտպանը նաեւ խոսափողով ելույթ է ունեցել ստադիոնում. «Բարեւ բոլորին, շնորհակալություն ամեն ինչի համար: Շնորհակալ եմ այսօրվա եւ «Բարսելոնայում» անցկացրած նախորդ տարիների համար: Դուք չգիտեք, թե ինչքան հպարտ եմ լինել այս թիմի անդամը: Ինչ էլ որ չասեն, մենք լավագույնն ենք: Շնորհակալ եմ կնոջս, ծնողներիս ու ընկերներիս, ոքվեր աներեւակայելի են: Կտեսնվենք 15 օրից. սա դեռ վերջը չէ: Ցանկանում ենք հաղթել նաեւ Իսպանիայի Գավաթում եւ Չեմպիոնների լիգայում: Կեցցեն, «Բարսելոնան» ու Կատալոնիան»,- ասել է Չավին: 

«Դեպորտիվոյի» դեմ խաղից հետո «Բարսելոնային» հանձնեցին նաեւ Իսպանիայի չեմպիոնական գավաթը, որը բարձրացրեց հենց Չավին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս