19:21  ,  23 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Բորուսիային» օգնեց նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր

Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Գերմանիայի 52-րդ առաջնությունը եւ, 46 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:2 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին եւ 42-րդ րոպեին խփեց տանտերերի երրորդ գոլը: Դա Մխիթարյանի երրորդ գոլն էր Գերմանիայի ավարտած առաջնությունում, որում նա անցկացրեց 28 խաղ:

Չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Մյունխենի «Բավարիայի» պես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ երկրորդ տեղը գրաված «Վոլֆսբուրգն» ու լավագույն եռյակը եզրափակած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Լեւերկուզենի «Բայերը» չորրորդն է եւ ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Լավագույն հնգյակը եզրափակած «Աուգսբուրգը» 6-րդ տեղում հայտնված Գելզենկիրխենի «Շալկեի» պես կխաղա Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 7-րդ տեղը եվրագավաթային չէ, սակայն «Բորուսիան» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց, քանի որ դուրս է եկել Գերմանիայի Գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած «Վոլֆսբուրգի» հետ: Գերմանիայի գավաթակիրը եւս արժանանում է Եվրոպայի լիգայի ուղեգրի: Առաջին շրջանից հետո դորտմունդցիները վերջին տեղում էին, սակայն կարողացան շտկել իրավիճակը: Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բորուսիայում»:

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գերմանացի հարձակվող Ալեքսանդր Մայերը, ով դարձել է 19 գոլի հեղինակ եւ 2 գնդակով գերազանցեց նախորդ տարվա լավագույն ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա»):

Բունդեսլիգան լքեցին «Պադերբորնը» եւ «Ֆրայբուրգը», իսկ «Համբուրգը» վերջին տուրի արդյունքում հեռացավ վտանգավոր գոտուց, սակայն անցումային խաղեր է անցկացնելու Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ թիմի հետ: «Համբուրգը» շարունակում է մնալ միակ ակումբը, որը երբեք դուրս չի մնացել Բունդեսլիգայից:

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:2

Շինջի Կագավա, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 17, Հենրիխ Մխիթարյան, 42 – Լեւին Օզտունալի, 26, Թեոդոր Գաբրե Սելասիե, 85

«Բավարիա» - «Մայնց»՝ 2:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 25 (11մ), Բաստիան Շվայնշտայգեր, 48

«Քյոլն» - «Վոլֆսբուրգ»՝ 2:2

Յույա Օսակո, 3, Ռոբին Կնոխե, 61 (ինքնագոլ) – Լուիս Գուստավո, 8, Իվան Պերիշիչ, 15

«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 1:3

Ռաֆայել, 36 – Պյեր-Էմիլ Հոյբերգ, 72, Թիմ Մատավց, 77, Սաշա Մյոլդերս, 90+5

Հեռացում՝ Հովարդ Նորթվեյթ, 61 («Բորուսիա»)

«Այնտրախտ Ֆ.» - «Բայեր»՝ 2:1

Հարիս Սեֆերովիչ, 4, Ալեքսանդր Մադլունգ, 39 – Քարիմ Բելարաբի, 6

«Հանովեր» - «Ֆրայբուրգ»՝ 2:0

Հիրոշի Կիյոտակե, 3, Պավել Կրմաշ, 84 (ինքնագոլ)

«Հոֆենհայմ» - «Հերտա»՝ 2:1

Անտոնի Մոդեստ, 8, Ռոբերտո Ֆիրմինո, 80 – Ռոյ Բերենս, 72

«Պադերբորն» - «Շտուտգարտ»՝ 1:2

Մարկ Վուչինովիչ, 4 – Դանիել Դիվադի, 36, Դանիել Գինչկ, 36

«Համբուրգ» - «Շալկե»՝ 2:0

Իվիցա Օլիչ, 49, Սլոբոդան Ռայկովիչ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով