14:46  ,  22 մայիսի, 2015

Էդգար Մանուչարյան. Շալանդի մեղքը սխալ փոփոխություններն էին

Շալանդը մեղավոր չէ, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորս հանդիպումներում վաստակել է մեկ միավոր, ասել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

«Ընտրական հանդիպումներում պարտվել է ամբողջ թիմը, ոչ թե մեկ մարդ: Շալանդը լավ մասնագետ է: Վերջնամասում տանուլ տված հանդիպումներում մեր խնդիրը կենտրոնացման մեջ չէր, այլ մեր գործողություններում: Մենք շատ էինք աշխատում առանց գնդակի: Երբ շատ ես վազում առանց գնդակի, արագ հոգնում ես: Ձախողված վերջնամասերի պատճառը դա է: Շալանդի միակ մեղքը սխալ փոփոխություններն էին: Ալբանիայի հետ խաղում պետք էր փոխարինել Համբարձումյանին, որը դեղին քարտ ուներ: Մենք հավասար կազմերով կավարտեինք հանդիպումը եւ կվաստակեինք միավոր:

Այժմ Հայաստանի հավաքականում պաշտպանները ստանում են գնդակ եւ չգիտեն, թե ում փոխանցեն: Առաջ են փոխանցում ու դարձյալ պետք է լինում պայքարել գնդակի համար: Այստեղից էլ հոգնածություն է կուտակվում: Մինասյանի ժամանակ թիմն ավելի կոմբինացիոն էր խաղում:

Կարծում եմ՝ խմբից դուրս գալու շանսեր դեռ ունենք: Գլխավորը մնացած բոլոր հանդիպումներում հաղթելն է: Երեք հանդիպում տանն են անցկացնելու: Պետք է նվաճենք 9 միավոր:

Լավ եմ վերաբերվում Սարգիս Հովսեփյանի նշանակմանը: Դեռ վերջերս միասին խաղում էինք ազգային հավաքականում: Տա Աստված, որ ամեն ինչ լավ դասավորվի: Ամեն ինչ կախված է նրանից»,- Մանուչարյանի խոսքը մեջբերում է eurofootball-ը:

Էդգար Մանուչարյանն այժմ վնասվածք ունի եւ կկարողանա վերսկսել մարզումները միայն մեկ ամիս հետո։ Նա բաց կթողնի հունիսի 13-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում