18:46  ,  21 մայիսի, 2015

Միշել Պլատինին՝ երեւանյան այցի եւ Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռասիզմի խնդիր չկա, դա քաղաքական հարց է եւ կախված չէ ՈւԵՖԱ-ից: Իմ ցանկությունն է, որ բոլորս ապրենք լավ աշխարհում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել է Երեւան: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում Պլատինին շրջեց ակադեմիայում եւ պատանի ֆուտբոլիստների մարզումը մի քանի րոպե դիտելուց եւ նրանց հետ լուսանկարվելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Եթե չվերընտրվեի ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, երեւի թե չէի գա Երեւան (ժպտում է): Շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Բուլղարիա գնալու ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան: Վաղը Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչն է, եւ քանի որ վաղուց չէի տեսել իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որոշեցի այցելել Հայաստան: Որեւէ կոնկրետ ծրագիր չկա, քանի որ հաճախ ենք ֆեդերացիաների աշխատակիցների հետ հանդիպում ՈւԵՖԱ-ում եւ որեւէ խնդիր չունենք Հայաստանում: Միշտ ուրախությամբ եմ զրուցում մամուլի ներկայացուցիչների հետ եւ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին:

Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 24 թիմեր եւ կլինեն շատ խաղեր: Եվրոպայում ունենք լավ որակի 24 հավաքականներ: Այժմ մրցակցությունն ավելի է բարձրացել: Հուսով եմ, որ այս տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցավարները չեն օգնի «Յուվենտուսին» եւ ինձ չեն մեղադրի այդ հարցում: Լավ է, որ իտալական ակումբը դարձյալ եզրափակիչում է: «Յուվենտուսն» իմ նախկին թիմն է, սակայն ես չեզոք դեր եմ կատարում:

ՈւԵՖԱ-ում ունենք աշխատակից, որը պարբերաբար գալիս է Հայաստան ֆուտբոլը զարգացնելու նպատակով: Շատ լավ է, որ ՈւԵՖԱ-ն ֆեդերացիներին օգնում է կառուցել լավ խաղադաշտեր, ինչպես այս ակադեմիայում: Հուսով ենք, որ այստեղ կմեծանան լավ ֆուտբոլիստներ:


Ինչ վերաբերում է ֆուտբոլում ռասիզմին ու Հայաստան - Ադրբեջան ու Սերբիա - Ալբանիա հակամարտություններին, որոնք ազդում են ֆուտբոլի վրա, ապա խնդիրները կան ամբողջ աշխարhում: Մենք պարզապես փորձում ենք ինչ-որ կերպ լուծել դրանք: Որոշ հարցեր ավելի հեշտ է լուծել, քան մյուսները: Պետք է այնպես անենք, որ չլինի անհանդուրժողականության խնդիր: Փորձում ենք անել այն, ինչը հնարավոր է ֆուտբոլի սահմաններում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռասիզմի խնդիր չկա, դա քաղաքական հարց է եւ կախված չէ ՈւԵՖԱ-ից: Իմ ցանկությունն է, որ բոլորս լավ աշխարհում ապրենք»,- ասեց Միշել Պլատինին, ում խոսքը ֆրանսերենից թարգմանում էր Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստն այցելել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իսկ երեկոյան նա կմասնակցի ՀՖՖ նախագահի անունից մատուցված ընթրիքին:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում