17:40  ,  14 մայիսի, 2015

Տիգրան Բաբայան. Մեզ համար կարեւոր չէ՝ Խաղերը Բաքվում են, Փարիզում, թե Ստամբուլում

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերում ձյուդո մարզաձեւում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ: Մենք գնալու ենք մեդալի հետեւից: Մեզ համար կարեւոր չէ՝ Խաղերը Բաքվում են, Փարիզում, թե Ստամբուլում

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:

Պարոն Բաբայան, արդեն հայտնի են Բաքու մեկնող ձյուդոիստները: Ի՞նչ կարգով եք ընտրել մարզիկներին:

Բաքու կմեկնեն Հովհաննես Դավթյանը (60կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52կգ): Նրանք ընտրվել են ֆեդերացիայի մարզչական խորհրդի, անձնական մարզիչների եւ ծնողների համատեղ որոշումով:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահն ավելի վաղ խոսում էր հինգ մարզիկների մասնակցության մասին: Ովքե՞ր էին մյուս երկու ձյուդոիստները եւ ինչո՞ւ նրանք դուրս մնացին կազմից:

Ֆեդերացիան որոշել էր մեծ կազմով հանդես գալ Բաքվում, քանի որ այս Խաղերը մեզ համար  Եվրոպայի առաջնություն են: Բաքու պետք է մեկնեին նաեւ Արսեն Ղազարյանը եւ Անդրանիկ Չափարյանը: Բայց նրանց անձնական մարզիչներն ու ծնողները համաձայն չեղան:  Ծնողները վախենում են, չեն վստահում, նրանց անհանգստացնում է անվտանգության հարցը: Որեւէ մեկին չի պարտադրվելու:

Ես լինելու եմ մեր մարզիկների հետ, նրանց հետ մեկնելու եմ Բաքու, ինձ հետ թիմին կուղեկցի նաեւ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Իսկ անձնական մարզիչներ չեն լինի, քանի որ անձնական մարզիչներից ոչ մեկը ցանկություն չի հայտնել մեկնել Բաքու:

Ի՞նչ մարզավիճակում են գնտվում այս երեք մարզիկները եւ Բաքվի Խաղերից ի՞նչ սպասելիքներ կան:

Ձյուդոիստների ընդհանուր պատրաստականությունը նորմալ է, գտնվում են լավ մարզավիճակում, քանի որ մինչեւ Բաքվի Խաղերը մեր մարզիկները հավաքականի հետ անդադար հավաքների մեջ են եւ մասնակցում են նաեւ մի քանի միջազգային մրցումների:

Մեդալի հույսով ենք մեկնելու Բաքու: Չեմ կարող ասել, թե երեքից էլ մեդալ եմ սպասում, քանի որ սա սպորտ է, եւ ոչինչ չես կարող նախապես կանխատեսել:

Պարոն Բաբայան, նախքան կազմը որոշելը, ձյուդոիստների հետ զրուցե՞լ եք, նրանց ցանկությունը հաշվի առե՞լ եք:

Ձյուդոիստների հետ զրույց բնականաբար ունեցել եմ: Առահասարակ, ինչպես ես, այնպես էլ մեր մարզիկները Բաքու մեկնելուն այդքան ծանր չենք վերաբերվում, որքան մյուս մարզաձեւերի մարզիկներն ու մարզիչները: Չգիտես՝ ինչու, ամբողջ հանրապետությունը Բաքվում կայանալիք Խաղերին մասնակցելու հարցին այսքան ծանր է մոտենում: Իմ եւ իմ մարզիկների համար Բաքվի Խաղերը սովորական մրցումներ են, Եվրոպայի հերթական առաջնությունն է:

Ես չեմ ցանկանում որ իմ մարզիկները ծանր տանեն, որ Բաքու են գնում, կամ ես տարակուսեմ, որ այս տարի մեր Եվրոպայի առաջնությունը համընկել է Բաքվի Խաղերի հետ:  Սա քաղաքականություն չէ, սա սպորտ է: Ճիշտ է՝ իրավիճակը վատ է, լարվածություն կա, պատերազմական իրավիճակում ենք, բայց այդ ամենին մենք փորձում ենք մեծ ուշադրություն չդարձնել, մարզիկները՝ նույնպես:

Նախապատրաստական ի՞նչ փուլ են անցնում Բաքվի Խաղերի մասնակից ձյուդոիստները:

Հենց այս պահին մեր երեք մարզիկները հավաքականի հետ ուսումնամարզական համատեղ միջազգային հավաքի են Թուրքիայի Անթալիա քաղաքում: Եթե իրականում այդպես նայենք, ապա Թուրքիա էլ պետք է չգնայինք, այն էլ այս տարի, այս իրավիճակում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում:

Թուրքիայից առաջ հավաքականը ունեցավ եւս մեկ ուսումնամարզական հավաք Բուդապեշտում, որից հետո Զագրեբում մասնակցեցինք Գրան Պրիի: Քանի որ ես վատառողջ եմ, իմ փոխարեն հավաքականին Զագրեբից հետո Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի ուղեկցեց ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Բայց երկուսս էլ շատ ցանկանում էինք, որ Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչը հավաքականին ուղեկցեր Թուրքիա, քանի որ այս միջազգային հավաքից հետո Հովհաննես Դավթյանը պետք է մեկնի Մարոկկո՝ մասնակցելու «Մասթերս» մրցաշարի:  Հովհաննես Դավթյանն այժմ արդեն իր վարկանիշով ընդգրկվել է լավագույն 15 ձյուդոիստների մեջ, իսկ  Մարոկկոյի մրցմանը կարող են մասնակցել վարկանիշային աղյուսակի 16 առաջատար ձյուդոիստները: Այս մրցաշարը՝ աշխարհի առաջնությունից հետո երկրորդ մրցաշարն է իր միավորներով: Թուրքիայում ընթացող հավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 20-ը, ապա հավաքականը կվերադառնա Հայաստան: Հունիսի 5-ին կմեկնենք Մինսկ, որտեղ կմասնակցենք Եվրոպայի վարկանիշային բաց առաջնությանը: Այս մրցաշարին Հովհաննես Դավթյանը չի մասնակցի, բայց հավաքականի հետ կմեկնի Մինսկ, որպեսզի հունիսի 8-12-ը հավաքականի հետ մասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի:

Պարոն Բաբայան, փաստորեն, եթե Եվրոպայի առաջնությունը համընկած չլիներ Բաքվի Խաղերի հետ հնարավոր է, որ Բաքու չմեկնեի՞ք, իսկ Եվրոպայի առաջնությանը ավելի մեծ կազմով մասնակցեիք:

Եթե Բաքվի Խաղերի հետ մեր Եվրոպայի առաջնությունը չհամընկներ, մենք Եվրոպայի առաջնության կմեկնեիք ավելի մեծ կազմով, ծնողների արգելքի խնդիր չէր լինի: Բայց Բաքվի Խաղերին մասնակցելուց չէինք հրաժարվի: Ես ամեն դեպքում կողմ կլինեի, որ մասնակցեինք, անպայման գոնե մեկ մարզիկով կմեկնեինք, ու ես կուղեկցեի այդ մարզիկին: Բայց ես մինչեւ վերջ վստահ չեմ, որ Հայաստանի պատվիրակությունը կմնեկնի Բաքու, Հայաստանը կմասնակցի Բաքվի  Խաղերին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս