00:39  ,  7 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Սարսափելի վերջնամաս «Բավարիայի» համար

Կատալոնական «Բարսելոնան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնացիները 3:0 հաշվով հաղթեցին Մյունխենի «Բավարիային», որը դիմացավ 77 րոպե:

Բարսելոնայում կայացած խաղի առաջին խաղակեսն անցավ բարձր տեմպով: Խաղադաշտում բաց ֆուտբոլ էր, եւ 2 թիմեր էլ չէին վախենում ռիսկի դիմել: Սկզբնամասում «Բարսելոնան» ավելի ակտիվ էր եւ ուներ առավելություն: Առաջին իրական գոլային պահը ստեղծվեց 11-րդ րոպեին, երբ կատալոնացիների ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեն-մենակ դուրս եկավ «Բավարիայի» դարպասապահի դեմ, սակայն Մանուել Նոյերը փայլուն գործեց: Քիչ անց տանտերերից գոլային պահ կորցրեց նաեւ բրազիլացի Նեյմարը: Առաջին խաղակեսի միջնամասում տեմպը մի փոքր նվազեց, իսկ «Բավարիան» աստիճանաբար սկսեց ավելի վստահ գործել: Մյունխենցիների գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին ստացվում, բայց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կարող էր առաջ մղել հյուրերին, եթե չվրիպեր չափազանց հարմար դիրքից: Խաղակեսի վերջնամասում «Բարսելոնան» դարձյալ ակտիվացավ եւ կարող էր բացել հաշիվը, եթե բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին հաջողվեր ծննդյան 32-րդ տարեդարձը նշել գոլով: Այնուամենայնիվ, թիմերը գեղեցիկ ու դիտարժան առաջին խաղակեսից հետո ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը դիտարժանությամբ գրեթե չզիջեց առաջինին: Սկզբնամասում «Բարսելոնայի» առավելությունն ավելի նկատելի էր: Կատալոնացիներն անդադար գրոհում էին, սակայն Գերմանիայի չեմպիոնը ոչ միայն դիմանում էր գրոհների տարափին, այլեւ չէր մոռանում նաեւ հակագրոհելու մասին: «Բավարիային» կարծես հաջողվել էր նվազեցնել դաշտի տերերի ճնշումը, բայց արտակարգ հանդիպում անցկացրած Լիոնել Մեսին վերջնամասում ասեց իր խոսքը: 77-րդ րոպեին արգենտինացի հարձակվողը բացեց հաշիվը, իսկ 3 րոպե անց նաեւ դուբլ ձեւակերպեց Չեմպիոնների լիգայում իր 100-րդ խաղում եւ դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը (77 գոլ)՝ շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին: Խաղում առաջին փոխարինումը տեղի ունեցավ միայն 79-րդ րոպեին: Լարված պայքարում անցած վերջնամասում «Բարսելոնան» խփեց նաեւ երրորդ գոլը, որը Մեսիի փոխանցումից հետո ավելացված ժամանակում հեղինակեց Նեյմարը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին Մյունխենում: 

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:0  

Լիոնել Մեսի, 77, 80, Նեյմար, 90+4

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանիել Ալվես, Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո (Մարկ Բարտրա, 89), Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (Ռաֆինյա, 87), Իվան Ռակիտիչ (Չավի, 82), Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Ժերոմ Բոատենգ, Մեհդի Բենատիա, Խուան Բերնատ, Խաբի Ալոնսո, Ֆիլիպ Լամ, Տիագո Ալկանտարա, Բաստիան Շվայնշտայգեր, Թոմաս Մյուլեր (Մարիո Գյոտցե, 79), Ռոբերտ Լեւանդովսկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում