16:57  ,  6 մայիսի, 2015

Նիկիտա Սիմոնյան. Չեմ ցանկանում հավատալ, որ Օզբիլիսը չի խաղում ազգության պատճառով

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի եւ հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ կապված իրավիճակը մոսկովյան ակումբում։

«Չեմ ցանկանում հավատալ, որ Օզբիլիսը չի խաղում ազգային հարցի պատճառով։ Բայց այդ դեպքում, Յակինը պետք է խաղադաշտ դուրս չբերեր նաեւ Մովսիսյանին։ Եթե Յուրան այժմ Պրոմեսից ուժեղ լիներ, ապա նա կլիներ հիմնական կազմում։

Յակինը գիտեր, թե ուր է գալիս, գիտեր, որ թիմում կան երկու հայեր։ Այդ պատճառով էլ չեմ հավատում ազգային հարցի առկայությանը։ Ամեն ինչ որոշում է խաղամակարդակը։ Օզբիլիսը ծանրագույն վնասվածքից հետո է մարզվում, հնարավոր է, որ հիմա նա լավ մարզավիճակում չէ։ Օզբիլիսի մեծ սխալն էր հույզերի այդպիսի պոռթկումը։ Պետք է մարզավիճակ հավաքել եւ ապացուցել։

Մովսիսյանը մշտական տեղ չունի, քանի որ ընկել է նրա խաղի որակը։ Ես լրագրողներին զգուշացնում էի, որ մեկնարկային խաղերում խփած գոլերը հիացմունքի առիթ չեն կարող լինել։ Հիմա հստակ է, որ Մովսիսյանը նույն վիճակում չէ, ինչ սկզբում»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին եւ մտավախություն հայտնել, որ իր ազգության պատճառով չի հայտնվում հիմնական կազմում։ Հետագայում Օզբիլիսը հայտարարեց, որ իր խոսքն աղավաղվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում