19:49  ,  28 ապրիլի, 2015

Լեւոն Արոնյան. Քանի որ շատ վատ էինք սկսել, բրոնզե մեդալը վատ չէ

Մյուս բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչները, բոլորն իրենց հաղթանակները նվիրեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը ես չեմ համարում հաղթանակ: Ու քանի որ ես սա չեմ համարում հաղթանակ, չեմ կարծում, որ Ցեղասպանություն զոհերի տանջանքները երրորդ տեղով կարելի է հիշատակել եւ հարգել:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը՝ ամփոփելով Ծաղկաձորում ավարտված աշխարհի թիմային առաջնությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Քանի որ շատ վատ էինք սկսել առաջնությունը, ինքն իրենով բրոնզե մեդալը վատ չէ: Ես գոհ եմ: Որովհետեւ շատ վատ սկսեցինք, հետո հավաքվեցինք, որպեսզի վերջին հինգ տուրերում ամեն ինչ անենք, որ գոնե այդքան ամոթ չլինի մարդկանց առջեւ:

Ես միշտ ասել եմ՝ մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար: Մենք սկզբում փորձում էինք ամեն ինչ անել,  բայց քանի որ Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը լավ մարզավիճակում չէին, շատ բարդ ստացվեց: Միշտ շատ բարդ է ստացվում, երբ թիմում այդ խնդիրները կան: Իրենք փորձում էին ամեն ինչ անել, որ լավ ստացվեր, բայց խաղը չէր ստացվում, այդ պատճառով մի քիչ բարդ էր: Եթե մեր երկու շախմատիստները լավ վիճակում լինեին, առաջին տեղի համար կպայքարեինք: Երրորդ տեղը մեծ նվաճում է հաշվի առնելով այդ ամենը:

Հրանտ Մելքումյանը չփչացրեց խաղը, նա առաջին անգամվա համար շատ լավ խաղաց: Բայց համոզված եմ, որ ինքն ավելի լավ կարող է խաղալ մյուս մրցաշարերում:

Այս օրերը համընկան նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչն անկասկած նաեւ շատ պարտավորեցնող էր մեզ համար, իսկ այդ պարտավորվածությունը մեծ լարվածություն ստեղծեց: Այս մրցաշարը կարծես մեր վերածնունդը լիներ, մենք միշտ մտածում էինք դրա մասին, որ այն պետք է լինի մեր վերածնունդը, տղաները մի քիչ շատ էին լարվում: Բայց ապրիլի 24-ից հետո բոլորիս լարվածությունն անցավ, դրանից հետո նոր ուժով սկսեցինք խաղալ, թիմն էլ, կարծես, վերածնունդ ապրեց»,- ամփոփեց Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը: Չեմպիոն հռչակվեց Չինաստանը: Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեցին ուկրաինացիները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով