19:31  ,  28 ապրիլի, 2015

Գ. Սարգսյան. Այնքան էինք ցանկանում հաղթել, նվիրել Հայոց ցեղասպանության տարելիցին, որ լարվածությունից չստացվեց

Աշխարհի առաջնության օրերը համընկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, եւ մենք այնքան էինք ցանկանում չեմպիոն դառնալ, նվիրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որ լարվածությունից չստացվեց, չհաջողվեց: Սակայն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալը վատ արդյունք չէ: Բայց միեւնույն է, մեզ բրոնզե մեդալը չի ուրախացրել մեր մեծ հաջողությունների կողքին:

Այս մասին ասաց Ծաղկաձորում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ամփոփելով աշխարհի առաջնությունը՝ Գաբրիել Սարգսյանը նկատեց, որ լարվածության պատճառով հավաքականը սկզբում վատ արդյունք էր ցույց տալիս:

«Սկզբում շատ անհաջող էր թիմի խաղը ընթանում: Չորս պարտիայից հետո մենք երկու միավոր ունեինք: Դա շատ վատ արդյունք էր: Դժվար է ասել, թե վատ մարզավիճակում էինք: Բայց մեր հանգստյան օրվանից հետո շատ բան փոխվեց: Թիմը սկսեց շատ ավելի ոգեւորված խաղալ: Չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը: Գուցե, լարված էինք, ուզում էինք շատ լավ խաղալ: Ուզում էինք չեմպիոն դառնալ, ու երբ պարզվեց, որ կորցրել ենք չեմպիոն դառնալու հնարավորությունը շատ ավելի հանգիստ սկսեցինք խաղալ եւ այդ հանգստությունից սկսեցինք ավելի լավ խաղալ:

Աշխարհի առաջնությունը նաեւ համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջթոցառումների հետ: 100-րդ տարելիցը մեզ բոլորիս համար շատ պարտավորեցնող էր: Շատ էինք ուզում լավ խաղալ, մեր ժողովրդին ուրախացնել, մեր կողմից հաղթանակը նվիրել 100-րդ տարելիցին, շատ էինք ուզում չեմպիոն դառնալ, բայց ցավոք չստացվեց: Կարծում եմ՝ բրոնզե մեդալով էլ կարողացանք ինչ-որ չափով ուրախացնել: Մեր երկիրը փոքր երկիր է, եւ եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը մեր երկրի համար փոքր արդյունք չէ»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Մրցակցության մասին Գաբրիել Սարգսյանն ասաց.

«Աշխարհի առաջնությունը միշտ ամենաուժեղ մրցաշարն է: Որովհետեւ խաղում են աշխարհի ամենաուժեղ հավաքականները: Եվ այդ հավաքականները պատահական չեն ընդգրկվել մասնակիցների շարքում: Այստեղ բոլոր ուժեղ հավաքականներն են: Այս առումով, ամենաուժեղ ու բարդ առաջնությունն է աշխարհի առաջնությունը: Երբ մենք Չինաստանում չեմպիոն դարձանք, այն ժամանակ էլ էինք շեշտում, որ աշխարհի առաջնությունն ամենաուժեղ ու բարդ մրցաշարն է: Օլիմպիադան ավելի կարեւոր է, բայց աշխարհի չեմպիոն դառնալը միշտ շատ ավելի բարդ է:

Բրոնզե մեդալը մեզ այդքան չի ուրախացրել, քանի որ մենք մտադիր էինք առաջին տեղ զբաղեցնել: Մենք դժվար սկսեցինք եւ երբ տեսանք, որ չենք կարող, ավելի հանգիստ շարունակեցինք: Բայց աշխարհի առաջնությունում երրորդ տեղը այնպիսի արդյունք է, որ մենք ամաչելու տեղ չունենք: Սա նորմալ արդյունք է, մենք պատվով դուրս եկանք այս ծանր իրավիճակից: Բայց որ ասենք շատ մեծ արդյունքի ենք հասել, այդքան էլ այդպես չէ, քանի որ մեր հավաքականը շատ մեծ հաջողությունների է հասել: Մենք օլիմպիադաների եռակի  չեմպիոն ենք եւ չենք կարող հաշվել, որ աշխարհի առաջնությունում երրորդ տեղը մեզ համար մեծ արդյունք է»,- նկատեց Գաբրիել Սարգսյանը:

Անդրադառնալով հավաքականում սերնդափոխության անհրաժեշտությանը՝ շախմատի Օլիմպիադայի չեմպիոնի խոսքով, սերնդափոխության ժամանակը նույնիսկ արդեն վաղուց անցել է:

«Ժամանակը վաղուց անցել է իրականում, քանի որ հավաքականի անդամներն արդեն շատ երկար տարիներ են խաղում թիմում: Օրինակ՝ Վլադիմիր Հակոբյանը 25 տարի է խաղում է թիմում: Ես 15 տարի եմ խաղում: Բայց սերնդափոխությունը պետք է չլինի այնպես, որ ուժեղ խաղացողը լքի թիմը, ինչ է՝ տեղը զիջի երիտասարդ խաղացողին: Այն, որ մինչ օրս ուժեղ երիտասարդ շախմատիստներ չենք ունեցել, դա մեր բացթողումներից է եղել: Իրականում, մեր ժամանակն արդեն անցել է: Օրինակ՝ այս առաջնությունում իրեն շատ լավ դրսեւորեց եւ իր տեղը հաստատեց Հրանտ Մելքումյանը: Նա շատ լավ արդյունք ցույց տվեց: Նա հավաքականի անդամներից որեւէ մեկի տեղում չէր խաղում, այլ ինքն իր տեղը: Ուղղակի նա իր խաղով հաստատեց իր տեղը հավաքականում: Այդպես պետք է լինի սերնդափոխությունը, որ երիտասարդները՝ ինչպես Հրանտը, այնքան ուժեղանան, որ իրենք իրենց տեղն ունենան հավաքականում, այլ ոչ թե զբաղեցնեն Վլադիմիր Հակոբյանի կամ Գաբրիել Սարգսյանի տեղը: Բայց սերնդափոխություն մեզ պետք է, բոլորիս էլ պարզ է, որ մեզ թարմ ուժեր են պետք, եւ դա նորմալ չէ, որ նույն շախմատիստը անընդհատ խաղում է: Երբեմն շախմատիստը չի ցանկանում խաղալ, շատ դեպքերում ստիպված է խաղում, քանի որ այլ ուժեղ խաղացողներ չկան: Մեզ ուժեղ շախմատիստներ են պետք են,- ամփոփեց շախմատի օլիմպիադայի չեմպիոնը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով