11:05  ,  28 ապրիլի, 2015

Ալեքսանդր Գրիշչուկ. Հայաստանն ինձ հոգեհարազատ է, այստեղ է ծնվել հայրս

Հայաստանն ինձ հոգերազատ է, այստեղ է ծնվել հայրս: Ծաղկաձորը հիասքանչ գեղեցկություն ունի, միայն թե այստեղ ես եւ մեր թիմը հաջող չենք խաղում: Ինչ-որ բան այս առաջնությունում մեզ մոտ չի ստացվում, բայց դա բացարձակապես չի առնչվում ոչ Հայաստանին եւ ոչ հիասքանչ Ծաղկաձորին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծաղկաձորում ավարտվող շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից Ռուսաստանի հավաքականի առաջին համար, օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնությունների եռակի չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկը:

Ալեքսանդր, Ձեզ համար նշանակություն ունի՞ մրցաշարի անցկացման վայրը: Մեր երկրում ինչպե՞ս եք Ձեզ զգում:

Հայաստանն ինձ հոգեհարազատ երկիր է, այստեղ է ծնվել իմ հայրը, ինձ շատ բան է պատմել Հայաստանի մասին:  Ինձ այստեղ շատ է դուր եկել: Ծաղկաձորը նույնպես սիրեցի, հիասքանչ գեղեցկություն ունի: Գեղեցիկ է այստեղ: Մեր հանգստյան օրը դուրս եկանք հյուրանոցից, որը գտնվում է Ծաղկաձորի բարձունքում, շրջեցինք քաղաքում, իսկ հետդարձի ճանապարհին առատ ձյուն էր տեղում, ընկանք ձնաբքի մեջ: Այստեղ այնպիսի ձյուն էր գալիս, որ մեքենաները նույնիսկ չկարողացան բարձրանալ մինչեւ հյուրանոց: Ստիպված եղանք մեկ ժամից ավելի քայլել եւ հաղթահարել այս բարձունքը: Զվարճալի էր, բայց շատ գեղեցիկ էր:

Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն: Դո՞ւք նույնպես այդպես եք կարծում:

Ասում են՝ Հայաստանը շախմատային երկիր է: Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ: Դրա ապացույցը Հայաստանի հավաքականի հաջողություններն են ու փայլուն մրցախաղերը տարբեր միջազգային խոշոր մրցաշարերում: Հայաստանի հավաքականը մեծ հաջողությունների եւ ձեռքբերումների է հասել շախմատում, այնպես որ իզուր չեն ասում, որ Հայաստանը շախմատային երկիր է:

Իսկ շախմատային երկրում ինչպե՞ս է ստացվում Ձեր խաղը:

Մեր հավաքականն այստեղ գրեթե չի խաղում: Չենք կարողանում լավ խաղ ցուցադրել: Բայց դա Հայաստանին կամ Ծաղկաձորին չի առնչվում: Առհասարակ, այս առաջնությունում Ռուսաստանի հավաքականը հաջող հանդես չի գալիս: Ուղղակի այս առաջնությունում ինչ-որ բան չի ստացվում ոչ ինձ մոտ, ոչ ամբողջ թիմի: Չի հաջողվում: Թե պատճառը որն է, չեմ կարող ասել: Դա արդեն լրիվ այլ հարց է: Այստեղ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Խաղերի համար նախատեսված դահլիճը շատ հարմարավետ է, մեզ հյուրընկալող հյուրանոցն էլ հիասքանչ է: Պայմանները շատ լավն են: Ուղղակի մեր թիմի մոտ պարտիաները չեն հաջողվում:

Իսկ հայկական ավանդական ճաշատեսակներ փորձե՞լ եք: Հավանո՞ւմ եք մեր խոհանոցը:

Հայկական ավանդական ճաշատեսակները փորձեցինք նույն այդ օրը, երբ  առատ ձյան պատճառով մնացինք ճանապարհին: Ծաղկաձորում փորձեցինք հայկական տոլման, հայկական տեղական միսը: Ինձ մասնավորապես դուր եկավ հայկական միսը, շատ համեղ է եւ համեղ են պատրաստում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով