15:23  ,  27 ապրիլի, 2015

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականից առաջարկ եղել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել

Այժմ բոլոր մտքերս կապված են միայն «Փյունիկի» հետ, իսկ թե ով կգլխավորի Հայաստանի հավաքականը, դա կորոշի ֆուտբոլի ֆեդերացիան: Այժմ ինձ մարզչական դադար է հարկավոր եւ կկենտրոնանամ իմ նոր պաշտոնի վրա:

Այդ մասին ապրիլի 27-ին կայացած ասուլիսում հայտարարեց ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Վարդան Մինասյանը, ով վերադարձել է Երեւանի «Փյունիկ» եւ զբաղեցրել է թիմի գործադիր տնօրենի պաշտոնը: Երիտասարդ մասնագետը հրաժարվեց պատասխանել Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին եւ ՀՖՖ-ից առաջարկ ստանալու վերաբերյալ հարցերին: 

«Չէի կարծում, որ այս պաշտոնում նշանակումս այսպիսի մեծ հետաքրքրություն կառաջացնի եւ կգան այսքան լրագրողներ: Չէի ցանկանա խոսել «Տոբոլի» թիմից հեռանալու պատճառների մասին, կանդրադառնամ միայն «Փյունիկին»: «Փյունիկն» իր քաղաքականությունը երբեք չի փոխում եւ դարբնոց է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների համար: «Փյունիկի» խաղերին հետեւում եմ, նրանք արժանիորեն են զբաղեցնում առաջին տեղը: «Փյունիկի» այժմյան դիրքը կապված է կայունության հետ, թեեւ «Ուլիսը» լավ էր սկսել առաջնության սկզբնամասը:

Ռաֆայել Նազարյանը նույն կարգավիճակում է, ինչ ես: Ապագան ցույց կտա, թե ինչ կլինի: Միայն կարող եմ ասել, որ նա «Փյունիկում» չէ: Ինչ վերաբերում է մարզչական կարիերայիս հետագա զարգացմանը, ապա այն նոր եմ սկսել եւ դեռ չեմ մտածում ավարտելու մասին: Երկու ակումբներից ունեի առաջարկներ, սակայն այժմ ինձ դադար է պետք եւ չեմ մտածում այլ բաների մասին: Այժմ բոլոր մտքերս կապված են միայն «Փյունիկի» հետ:

Թե ով կգլխավորի Հայաստանի հավաքականը, դա կորոշի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ ես կկենտրոնանամ իմ պաշտոնի վրա: Հայաստանի հավաքականից առաջարկ եղել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Հավաքականի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանում:

Ղազախստանում աշխատելը մեծ փորձ էր ինձ համար: Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստների՝ Ղազախստանում հանդես գալուն, ապա այնտեղի առաջնության մակարդակը շատ բարձր է եւ մոտ է եվրոպականին»,- ասաց Վարդան Մինասյանը:

Ասուլիսից առաջ «Փյունիկի» նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը Վարդան Մինասյանին շնորհավորեց նոր պաշտոնի կապակցությամբ եւ նշեց, որ «Տոբոլի» հետ պայմանագիրը խզած Կառլեն Մկրտչյանն առաջիկայում մարզվելու է երեւանյան ակումբում:

«Կարծում եմ՝ Վարդան Մինասյանին ներկայացնելու կարիք չկա: Շնորհավորում եմ նրան նոր պաշտոնի կապակցությամբ: Ինչ վերաբերում է Կառլեն Մկրտչյանին, ապա նա կմարզվի «Փյունիկի» հետ մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի», - ասաց Ռաֆիկ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է հենց «Փյունիկում», որտեղից տեղափnխվել էր Հայաստանի հավաքական՝ ազգային թիմը գլխավորելով 4 տարի:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս