22:03  ,  26 ապրիլի, 2015

Մաքսիմ Մանուկյանն արծաթե մեդալակիր դարձավ Սոֆիայում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն արծաթե մեդալակիր դարձավ Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացված «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարում:

Մրցաշարի վերջին օրը պայքարի մեջ մտան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը, ովքեր հանդես եկան 85 կգ քաշային կարգում:

Մանուկյանը եզրափակիչում պարտվեց իրանցի Ախլագի Հաբիբոլահին եւ գրավեց երկրորդ տեղը: Արթուր Շահինյանը պարտություն կրելուց հետո հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց թուրք Բասար Մետեհանին:

Այսպիսով, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի թիմը Բուլղարիայի մայրաքաղաքից կվերադառնա 6 մեդալով: Ավելի վաղ աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արժանացել էին ոսկե մեդալների, Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) գրավել էր երկրորդ տեղը, իսկ Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Էդուարդ Սարգսյանը (80 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում