20:51  ,  26 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստանի թիմը հաղթեց ռուսներին՝ զրկելով տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից

Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմին, որն այս պարտությունից հետո զրկվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից:

Հայաստանի թիմի հաղթական միավորը բերեց երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով 61-րդ քայլում հաղթեց Սերգեյ Կարյակինին: Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող Ալեքսանդր Գրիշչուկի հետ, Սերգեյ Մովսեսյանը լարված պայքարում սպիտակներով միավորը կիսեց Եվգենի Տոմաշեւսկու հետ, իսկ Հրանտ Մելքումյանն ու Նիկիտա Վիտիուգովը բաժանվեցին խաղաղությամբ: Մովսեսյանը եւ Տոմաշեւսկին անցկացրին տուրի ամենաերկար պարտիան, որը տեւեց 5 ժամ 50 րոպե եւ ավարտվեց 112-րդ քայլում:

Տուրի կենտրոնական դիմակայությունում հանդիպեցին առաջատարներ Չինաստանի եւ Ուկրաինայի թիմերը, որոնք եւս չպարզեցին հաղթողին:

7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի թիմային 7 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատարները հավաքել են 11-ական միավոր, իսկ գործող չեմպիոն ռուսները՝ 6: Ապրիլի 27-ին կայանալիք նախավերջին տուրում հայ գրոսմայստերները կմրցեն Հնդկաստանի թիմի դեմ:

Աշխարհի առաջնություն, 7-րդ տուր 

ՌուսաստանՀայաստան՝ 1.5:2.5

Ալեքսանդր  Գրիշչուկ - Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին - Գաբրիել Սարգսյան՝ 0:1 

Եվգենի  Տոմաշեւսկի - Սերգեյ Մովսեսյան՝ 0.5:0.5

Նիկիտա  Վիտիուգով - Հրանտ Մելքումյան՝ 0.5:0.5

ՉինաստանՈւկրաինա՝ 2:2 

Կուբա – Հնդկաստան՝ 1.5:2.5

Հունգարիա – Եգիպտոս՝ 2.5:1.5

ԱՄՆ – Իսրայել՝ 2.5:1.5

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում