10:53  ,  25 ապրիլի, 2015

Վան Գալ. Կարծում եմ՝ Ռայան Գիգզը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը կլինի իր օգնական Ռայան Գիգզը: Ուելսցին անգլիական թիմի լեգենդներից է եւ անցած մրցաշրջանում արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը:

«Կարծում եմ՝ իմ հեռանալուց հետո գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Ռայան Գիգզը: Այժմ ես եմ ղեկավարում թիմը, սակայն Ռայանը լավ է կատարում իր գործը»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գիգզն այժմ Վան Գալի օգնականն է: Հոլանդացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Գիգզը ակումբում հանդես է եկել 1990-2014 թվականներին՝ դառնալով Անգլիայի 13-ակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Դեւիդ Մոյեսի պաշտոնանկությունից հետո Ռայան Գիգզը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը եւ մնաց առանց եվրագավաթային մրցաշարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում