23:40  ,  24 ապրիլի, 2015

Ուսեյն Բոլթ. Գեյին պետք է հեռացնել սպորտից

Ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը մեղմ է համարում ամերիկացի Թայսոն Գեյի որակազրկումը դոպինգի համար։ Ամերիկյան հակադոպինգային գործակալությունը կրճատել էր նրա որակազրկումը մեկ տարով, քանի որ մարզիկը համագործակցել էր կազմակերպության հետ եւ խոստովանել մեղքը, նաեւ հայտնել, թե ով է օգնել։

«Գեյը մեկ տարի քիչ պատիժ ստացավ, քանի որ պատմել էր արածի մասին։ Դա հիմարություն է եւ նշանակում է, որ դոպինգ թեստը չանցած մարզիկները մեղքն ընդունելու համար կարող են ավելի մեղմ պատիժ ստանալ։ Բայց պետք է ընդհանրապես բացառվի խաբեությունը, եւ դոպինգ օգտագործողները պետք է հեռացվեն սպորտից։

Երկար տարիներ ես հարգում էի Գեյին։ Նա մրցակից էր, ով ստիպում էր ինձ անել հնարավոր ամեն ինչ։ Այժմ ես նրա հետ մրցելու ցանկություն չունեմ»,- 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վեցակի օլիմպիական չեմպիոն Բոլթի խոսքը մեջբերում է thetimes-ը։

Թայսոն Գեյի դրական դոպինգ թեստը գրանցվել էր 2013թ. հունիսին կայացած ԱՄՆ-ի առաջնությունում։ 32-ամյա մարզիկին սպառնում էր երկու տարվա որակազրկում, սակայն քննության հետ համագործակցելու շնորհիվ Գեյը հեռացվեց մեկ տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում