00:36  ,  22 ապրիլի, 2015

Չեմպիոնների լիգա. «Բավարիայի» ռեկորդային խաղակեսն անզգայացրեց «Պորտուին»

Մյունխենի «Բավարիան» չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ոչ մի շանս չտալով պորտուգալական «Պորտուին», որին քառորդ եզրափակիչի առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով:

Մյունխենում կայացած պատասխան մրցավեճում պայքար չստացվեց: Գերմանիայի չեմպիոնը հաղթեց 6:1 հաշվով: «Բավարիան» դարձավ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում 5 գոլ խփեց մեկ խաղակեսում:

Մյունխենցիները հսկայական առավելություն ունեին մեկնարկից, իսկ հյուրերը ճնշմանը երկար չդիմացան: 14-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան բացեց հաշիվը՝ առաջ մղելով տանտերերին: Այս գոլից հետո ոչինչ չփոխվեց: «Բավարիան» շարունակում էր վերահսկել գնդակն ու գրոհել, իսկ խաղն անցնում էր «Պորտուի» կիսադաշտում: 22-րդ րոպեին գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգն անկյունայինի խաղարկման արդյունքում կրկնապատկեց հաշիվը: Պորտուգալացիները դեռ ուշքի չէին եկել տեղի ունեցածից, երբ գնդակը երրորդ անգամ հայտնվեց նրանց դարպասում: Խոսեպ Գվարդիոլայի թիմի գեղեցիկ կոմբինացիայում գերմանացի Թոմաս Մյուլերը կատարեց արտակարգ փոխանցում, իսկ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփեց երրորդ գոլը: Կարծես անզգայացած «Պորտուն» անօգնական տեսք ուներ առաջին խաղակեսում, իսկ գերմանացիներն աչքի ընկան եւս 2 անգամ: Մյուլերը գոլի հեղինակ դարձավ անդրադարձի օգնությամբ, իսկ Լեւանդովսկին դուբլ ձեւակերպեց 40-րդ րոպեին:

Ընդմիջումից հետո «Բավարիան» այլեւս չէր կիրառում իր հզոր պրեսինգը եւ թույլ էր տալիս խաղալ «Պորտուին», որը երկար ժամանակ չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, բայց 74-րդ րոպեին կրճատեց հաշիվը: Կոլումբացի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի գոլից հետո հյուրերն ավելի ակտիվացան, սակայն իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն 88-րդ րոպեին խփեց տանտերերի 6-րդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին: 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչպատասխան խաղ 

«Բավարիա» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա) – 6:1 (առաջին խաղ՝ 1:3)

Տիագո Ալկանտարա, 14, Ժերոմ Բոատենգ, 22, Ռոբերտ Լեւանդովսկի, 27, 40, Թոմաս Մյուլեր, 36, Խաբի Ալոնսո, 88 – Ջեքսոն Մարտինես, 74

Հեռացում՝ Իվան Մարկանո, 87 («Պորտու»)

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա (Սեբաստիան Ռոդե, 72), Ժերոմ Բոատենգ, Հոլգեր Բադշտուբեր, Խուան Բերնատ, Խաբի Ալոնսո, Ֆիլիպ Լամ, Տիագո Ալկանտարա (Դանթե, 90), Մարիո Գյոտցե (Միտչել Վեյզեր, 86), Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Պորտու». Ֆաբիանո, Դիեգո Ռեյես (Ռիկարդո, 33), Մայկոն, Իվան Մարկանո, Մարտինս Ինդի, Կազեմիրո, Հեկտոր Հերերա, Օլիվեր Տորես, Յասին Բրահիմի (Էվանդրո, 67), Ռիկարդո Կուարեժմա (Ռուբեն Նավեշ, 46), Ջեքսոն Մարտինես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում