14:20  ,  21 ապրիլի, 2015

Խոսեպ Գվարդիոլա. 100 տոկոս վստահ եմ, որ դուրս կգանք ՉԼ կիսաեզրափակիչ

Ես լավատես եմ եւ իրատես, բարդ կլինի «Պորտուի» դեմ, բայց պետք է ռիսկի դիմել, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման մասին։

«Առաջին խաղում 1։3 հաշվով պարտվելուց հետո հեշտ չի լինի, եւ դա բնական է Պորտուում տեղի ունեցած հանդիպումից հետո, բայց ես 100 տոկոս վստահ եմ, որ կնվաճենք կիսաեզրափակիչի ուղեգիր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Պորտուի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հայտարարել է, որ պատասխան խաղում իրենցից պետք չէ սպասել անակնկալներ։

«Անկասկած որոշ փոփոխություններ կլինեն առաջին խաղի համեմատ։ Սակայն մեր մոտեցումը գործին կմնա նույնը։ Մենք ունենք կանխատեսելի թիմ, անակնկալներ չեն լինի։ Մենք կձգտենք խաղալ մեր ֆուտբոլը»,- ասել է Լոպետեգին։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում կայացած առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 3։1 հաշվով։ Պատասխան հանդիպումն ապրիլի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում