00:20  ,  21 ապրիլի, 2015

Հայ ըմբիշները հինգ մեդալ են նվաճել Սամուրղաշեւ եղբայրների մրցաշարում

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կայացած Սամուրղաշեւ եղբայրների անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հոբելյանական՝ 15-րդ պատանեկան միջազգային մրցաշարում,  Հայաստանի 13 ըմբիշներից 10-ը պայքարեցին մեդալների համար: Նրանցից հինգին հաջողվեց կանգնել պատվո հարթակին: 46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանն ու 54 կգ քաշային  Էդգար Թամազյանը դարձան մրցաշարի հաղթող: Երրորդ տեղ գրավեց Արարատ Մանուչարյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ  76 կգ քաշային Արսեն Սարգսյանը տանուլ տվեց եզրափակիչ գոտեմարտը եւ բավարարվեց երկրորդ տեղով, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

«Շատ բարձր մակարդակով կազմակերպված մրցումներ էին: Բարձր էր նաեւ մարզիկների մակարդակը: Իսկ Հայաստանի պատանի ըմբիշները պարզապես լավ հանդես եկան: Ինքներդ պատկերացրեք՝ 13 ըմբիշներից 10-ը պայքարեցին մեդալի համար: Տղաների մեջ տեսա ներուժ, որը զարգացնելու դեպքում լուրջ հաջողություններ կգրանցեն»,- ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցաշարի պատվավոր հյուր Լեւոն Ջուլֆալակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում