21:07  ,  20 ապրիլի, 2015

Հ. Քեհեյանի հոգեհանգստի արարողություն. Ա. Անդրեասյանն ու Ս. Պողոսյանը՝ հայկական ֆուտբոլի նվիրյալի մասին

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ, ֆուտբոլիստ, մարզիչ, «Հրազդան» ստադիոնի տնօրեն, Երեւանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանի հոգեհանգստի արարողությունը։

Անվանի ֆուտբոլիստին վերջին հրաժեշտ տալու էին եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքական գործիչներ,ընկերներ, ֆուտբոլասերներ։

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի խոսքով, Հարություն Քեհեյանը թիմում բարի մթնոլորտ ստեղծող մարդ էր։

«Նրա հետ շատ հեշտ էր աշխատելը։ Նա հիանալի ֆուտբոլիստ էր, մեծ ֆուտբոլիստ էր։ Նրա հետ մեր ընկերությունը տարիների պատմություն ունի։ Ես նրա հետ ծանոթացել եմ հորեղբորս միջոցով։ Նրանք այդ ժամանակ շատ մտերիմ էին։ Ես ուրախ եմ, որ մենք ունեցել ենք նման ֆուտբոլիստ, որ նրա անվան հետ են կապված մեր մեծ նվաճումները։ Ցավում եմ, որ նա հեռացավ կյանքից՝ այդպես էլ չտեսնելով հայկական ֆուտբոլն այնպիսին, ինչպիսին ցանկանում էր»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արկադի Անդրեասյանը։

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանի խոսքով, Հարություն Քեհեյանը հավանություն չէր տալիս հայկական ֆուտբոլի ներկային, հավաքականի խաղին։

«Նա շատ բարի անձնավորություն էր, իսկապես լեգենդար մարդ։ Նրա ներդրումը հայկական ֆուտբոլի նվաճումներում շատ մեծ է եղել։ Նա հավանություն չէր տալիս ազգային հավաքականի ներկայիս խաղին։ Նա շատ էր ասում, որ պետք է թիմային խաղ լինի։ Ուրախ եմ, որ ճանաչել եմ Հարություն Քեհեյանին, աշխատել նրա հետ։ Նա հրաշալի մարզիչ էր ու մեծ ֆուտբոլիստ։ Սա մեծ կորուստ է հայկական ֆուտբոլի համար»,- ասաց Սերգեյ Պողոսյանը։

Հարություն Քեհեյանի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 13։00-ին՝ «Հրազդան» ստադիոնից։

Հարություն Քեհեյանը 1949-1954 թվականներին հանդես է եկել Երեւանի «Դինամոյում», 1955-ին՝ Մոսկվայի «Սպարտակում», 1956-1961-ին՝ Երեւանի «Սպարտակում»: 1971-1974 թվականներին եղել է Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում: 1975-ից «Հրազդան» ստադիոնի տնօրենն էր: Ապրիլի 9-ին Հարություն Քեհեյանը նշել էր ծննդյան 85-ամյակը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս