19:52  ,  18 ապրիլի, 2015

«Վալենսիան» չօգտվեց «Բարսելոնայի» բացթողումներից

Իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 52-րդ վայրկյանին բացեց դաշտի տերերի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Վալենսիացիները եւս կարող էին խփել արագ գոլ, սակայն սկզբնամասում բաց թողեցին մի քանի իրական գոլային պահեր: 10-րդ րոպեին «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն չկարողացավ նաեւ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Առաջին խաղակեսում հյուրերն ունեին նկատելի առավելություն, բայց չօգտվեցին դրանից:

Ընդմիջումից հետո «Վալենսիան» արդեն այդքան վտանգավոր չէր գրոհում, իսկ կատալոնացիները շատ գրագետ անցկացրին երկրորդ խաղակեսը եւ, պահպանելով հաղթական հաշիվը, ավելացված ժամանակում խփեցին նաեւ երկրորդ գոլը: Խաղի վերջակետը դրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ով Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 35-ի եւ 3 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին: Դա Արգենտինայի հավաքականի ավագի 400-րդ գոլն էր «Բարսելոնայի» կազմում: 

Լուիս Էնրիկեի թիմը 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Վալենսիան» մնաց չորրորդ տեղում եւ մեկ միավոր զիջում է եռյակը եզրափակող «Աթլետիկոյին»:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:0

Լուիս Սուարես, 1, Լիոնել Մեսի, 90+4

Չիրացված 11 մետրանոց՝ Դանիել Պարեխո, 10 («Վալենսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով