18:54  ,  18 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյանի գոլն ու «Սպարտակի» արտագնա հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Սարանսկում 3:1 հաշվով առավելության հասավ «Մորդովիայի» նկատմամբ: 

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հյուրերի պահեստայինների թվում էր եւ, դուրս գալով փոխարինման, գոլի հեղինակ դարձավ ավելացված ժամանակում:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ 48-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը բացեց հաշիվն՝ առաջ մղելով «Սպարտակին»: 73-րդ րոպեին Մովսիսյանը դուրս եկավ փոխարինման, իսկ 5 րոպե անց Պրոմեսը դարձավ նաեւ դուբլի հեղինակ: 86-րդ րոպեին հայ հարձակվողը ստացավ դեղին քարտ, իսկ ավելացված ժամանակում գրավեց դատարկ դարպասը՝ վերջակետ դնելով խաղին: Դա Յուրա Մովսիսյանի երկրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, որում նա մասնակցել է 13 խաղի:

Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսը դեռ չի հայտավորվում մոսկովյան ակումբի կազմում: Նախորդ 3 խաղերում մեկ միավոր հավաքած «Սպարտակն» այս հաղթանակից հետո շրջանցեց «Լոկոմոտիվին» եւ 39 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Մորդովիա» - «Սպարտակ»՝ 1:3

Ումար Նյասե, 90+1 – Կվինսի Պրոմես, 48, 78, Յուրա Մովսիսյան, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս