17:35  ,  18 ապրիլի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայ ծանրորդների ելույթների ամփոփում

Հայաստանը 3 մեդալ նվաճեց Թբիլիսիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որին ներկայացել էր 10 մարզիկներով:

Վրաստանի մայրաքաղաքում 77 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ դոպինգի պատճառով 2 տարվա որակազրկումից հետո մրցահարթակ վերադարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջին օրը պայքարի մեջ մտած 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Եվրոպայի գործող փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը 69 կգ քաշային կարգում գրավեց չորրորդ տեղը: Այդ քաշային կարգում հանդես եկավ նաեւ Ռոստամ Կարապետյանը, ով գրանցեց 6-րդ արդյունքը: 

85 կգ քաշայինների պայքարին մասնակցած Աղասի Աղասյանը 153 կգ պոկելուց հետո զրո էր ստացել հրում վարժությունում, իսկ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մոտ էր մեդալի, սակայն 5-րդ տեղը գրավեց 105 կգ քաշային կարգում:

Կանանց մրցաշարում 53 կգ քաշային Աննա Գովելյանը 6-րդն էր, իսկ 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը բավարարվեց 6-րդ տեղով: Վերջինը պայքարի մեջ մտավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով +75 կգ քաշային կարգում փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում, սակայն երկամարտում ցույց տվեց չորրորդ արդյունքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում