23:46  ,  17 ապրիլի, 2015

Գվարդիոլա. Կմնամ «Բավարիայում» նաեւ հաջորդ մրցաշրջանում

Ես կմնամ «Բավարիայում» նաեւ հաջորդ մրցաշրջանում, ես շատ եմ հավանում Մյունխենը, ասել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը: Մասնագետը չի ցանկանում այն երկարաձգել:

Գվարդիոլան անդրադարձել է նաեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտուից» 1:3 հաշվով պարտությունից հետո ակումբի գլխավոր բժշկի հեռանալուն:

«Ես հարգում եմ բժիշկ Մյուլեր-Վոլֆարտի որոշումը: Երբ խաղացողը վնասվածք է ստանում, դա բժշկի մեղքը չէ: «Պորտուից» կրած պարտության ամբողջ մեղքն իմն է: «Բայերի» հետ խաղում սարկազմով լի ծափահարություններիս պատճառը հիասթափությունս էր: Բժիշկը ոչ մի առնչություն չունի: Բենատիան ամբողջ մրցաշրջանի ընթացքում տառապում է վնասվածքներից: Այդ պատճառով ես շատ հիասթափված էի: Մեզ պետք է այդ խաղացողը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Բավարիան» կհյուրընկալվի «Հոֆենհայմին»: Մյունխենյան թիմի ութ ֆուտբոլիստներ առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցի խաղին: Ապրիլի 18-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում