20:41  ,  17 ապրիլի, 2015

ՀՖՖ նախագահ. Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ, փոխանցում է ՀՖՖ կայքը

«Այսօր 85 տարեկանում վախճանվել է հայկական ֆուտբոլի վերջին մոհիկաններից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի փառավոր էջերի հետ:

1946 թվականին հայրենադարձների առաջին քարավաններով Հունաստանի մայրաքաղաք Աթենքից գալով Հայաստան, Հարություն Քեհեյանն իրեն նվիրեց հայկական ֆուտբոլին՝ նրա տարեգրության մեջ թողնելով ֆուտբոլիստի եւ մարզչի բազմաթիվ աստեղային պահեր:

Որպես ֆուտբոլիստ, Հարություն Քեհեյանը մեծ դերակատարություն է ունեցել 50-ական թվականների հայկական ֆուտբոլում, իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգեւելով աշխարհասփյուռ հայությանը: Պատահական չէ, որ Հարություն Քեհեյանն առաջին հայ ֆուտբոլիստն էր, որ արժանացավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Որպես մարզիչ նույնպես Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլում: Նրա մարզչական կենսագրությունը եւս պսակված է փառավոր հաջողություններով, որոնք կազմում են հայկական ֆուտբոլի տարեգրության ոսկե էջերը: 1971 թվականից ընդգրկվելով Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում, Հարություն Քեհեյանը սիրելի թիմի հետ նվաճեց մարզչական բարձրունքներ՝ արժանանալով ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի, իսկ 1973-ին Հարություն Քեհեյանը լեգենդար «Արարատի» հետ նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները: 1975 թվականից Հարություն Քեհեյանը «Հրազդան» մարզադաշտի անփոփոխ տնօրենն էր:

Անկախության տարիներին Հարություն Քեհեյանն իր փորձով, կենսագրությամբ, հեղինակությամբ կանգնեց նոր զարգացող հայկական ֆուտբոլի կողքին՝ ոգեշնչվելով մեր ֆուտբոլի բոլոր հաջողություններով եւ ձեռքբերումներով: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր նվաճումները Հարություն Քեհեյանն ընդունում էր սրտի հուզումով եւ ցավ էր ապրում բոլոր անհաջողությունների համար:

Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Հարություն Քեհեյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: Մխիթարություն է, որ Հարություն Քեհեյանի անունը վառ կմնա սերունդների մեջ, քանի որ նրա ողջ կյանքը սերունդների համար նվիրումի անկրկնելի օրինակ է»:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով