17:12  ,  15 ապրիլի, 2015

Տիգրան Մարտիրոսյան. Հաղթանակս նվիրում եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Շատ ուրախ եմ, որ երկար դադարից ու անհաջողություններից հետո վերջապես մեդալ նվաճեցի, այն էլ՝ ոսկե մեդալ։ Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացքող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը։

Ապրիլի 14-ին Տիգրան Մարտիրոսյանը, երկամարտում գրանցելով 351 կգ արդյունք եւ անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով եռակի Եվրոպայի չեմպիոն:

Տիգրան, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Ի՞նչ տպավորություններ ունես։

Շատ ուրախ եմ, անչափ։ Սա ինձ համար մեծ նվաճում է։ Ուրախ եմ, որ կարողացա անհաջողություններից հետո վերջապես հասնել հաջողության եւ միանգամից ոսկե մեդալի։ Ուրախությունս կրկնակի էր մասնավորապես պատվո հարթակին, երբ երկու աստիճաններին միանգամից երկու հայ էր կանգնած, Հայաստանի երկու դրոշ էր ծածանվում։ Նման դեպքեր շատ են եղել սպորտում, երբ երկու հայ են մեդալներ նվաճում, բայց ինձ հետ նման դեպք չէր եղել։ Շատ տպավորիչ էր եւ հուզիչ։

Տեւական դադարից հետո դու կրկին մրցահարթակում ես։ Համարո՞ւմ ես սա քո մեծ վերադարձը։

Այո, սա իսկապես իմ վերադարձն է։ Ես մի քանի տարի արդյունքներ չէի տալիս, ինչ-ինչ պատճառներով անհաջողություններ էին գրանցվում, վնասվածքներ, որոնք ինձանից կախված չէին։ Բայց ես այդ ձախողումները համարում էի սպորտային անհաջողություններ։

Այս անգամ էլ ընդամենը 4 ամիս էր անցել ինչ վերականգնվել էի վնասվածքից, ժամանակը շատ քիչ էր, բայց նպատակ դրեցի իմ առջեւ ես հասա իմ նպատակին։ Եթե ժամանակս երկար լիներ ավելի լավ մարզավիճակում կլինեի։ Առաջնությանը պատրաստվել եմ ընդամենը 4 ամիս։

Եվրոպայի եռակի չեմպիոն ես։ Ի՞նչ է քեզ համար այս տիտղոսը, ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ։

Հաղթանակս նվիրում եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս տիտղոսն ինձ համար մեծ ձեռքբերում է, մեծ ուրախություն, երջանիկ եմ, որ կարողացա ինքս ինձ եւ բոլոր ինձ հավատացողներին եւս մեկ անգամ ապացուցել, որ կարող եմ չեմպիոն դառնալ։ Համոզված եմ, որ ինձ հետ մեր ազգն էլ է ուրախացել։ Դադարս շատ երկար էր, բայց կարծում եմ, որ ամեն ինչ իզուր չէր, կորցրած ժամանակը եւս։

Տիգրան, երրորդ մոտեցումից հրաժարվեցիր։ Դա քո՞ ցանկությունն էր, թե՞ ընդհանուր որոշում։

Ընդհանուր որոշում էր եւ նաեւ իմ ցանկությունը։ Երրորդ մոտեցման կարիքը չկար։ Եթե մրցակիցս բարձրացներ, արդեն կկատարեի 197 կգ-ի մոտեցումը։ Բայց ես ինքս էլ ցանկություն հայտնեցի հրաժարվել մոտեցումից, քանի որ վնասվածքից դեռ նոր եմ ապաքինվել, դեռ առջեւում կարեւոր մրցաշարեր ունեմ, նպատակներ՝ աշխարհի առաջնություն, Ռիո-2016։

Պետք է կարողանանք ամեն ինչ անել թիմով օլիմպիական վարկանիշ նվաճել, իսկ դրա համար պետք է մնանք լավ մարզավիճակում, քանի որ ինչպես իմ, այնպես էլ մեր թիմի նպատակը օլիմպիական մեդալ նվաճելն է։ Ես նպատակ ունեմ մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում։

Իսկ վստա՞հ էիր այս հաղթանակիդ։

Այո, ներքուստ վստահ էի, որ այս անգամ հաջողությունն իմ կողմը կլինի։ Մարզավիճակս եւս թույլ էր տալիս հույսեր ունենալ։ Բայց եթե ավելի երկար մարզվեի, ավելի ինքնավստահ կլինեի։ Յուրաքանչյուր մարզիկ էլ կարող է իր նպատակին հասնել, եթե ձգտի, մարզվի, անպայման հաջողությունը կուղեկցի։ Պետք է ուղղակի նպատակ դնել եւ չընկճվել իրար հաջորդող անհաջողություններից, վնասվածքներից։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով