17:46  ,  2 ապրիլի, 2015

Հակոբ Սերոբյան. Մեդալների ակնկալիք ունեինք, բայց չորս մեդալն, իսկապես, անակնկալ էր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում հայ մարզիկների արդյունքները: Հայաստանի թիմն այժմ Քաթարում մարզահավաք է անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ։

Հիշեցնենք, որ Քաթարում կայացած World Challenge Cup մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ոսկե մեդալ։ Նժույգի վարժությունում հաղթողի կոչմանն արժանացել է Հարություն Մերդինայնը, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է: Օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

Պարոն Սերոբյան, 4 մեդալ՝ որից երկուսը ոսկե։ Ամփոփեք աշխարհի գավաթի խաղարկությունը։

Մենք հիանալի մասնակցություն ունեցանք։ Շատ գոհ եմ տղաների արդյունքներից։ Նրանք ինձ շատ ուրախացրին, մասնավորապես, հաճելի անակնկալ էր Արթուր Դավթյանի մրցելույթը։ Նժույգի վարություններում նա 8-րդ տեղից մտավ եզրափակիչ։ Հույս չկար, որ նա նժույգ թափերում կկարողանա եզրափակիչ դուրս գալ կամ մեդալ նվաճել:

Օղակների վարժությունում պայքարը բարդ էր։ Մրցում էինք աշխարհի չեմպիոնի հետ, ով իսկապես շատ ուժեղ էր։ Այդ պատճառով մեդալ չնվաճեցինք։  Բայց Վահագն Դավթյանը շատ լավ ելույթ ունեցավ, իր վարժությունը շատ լավ կատարեց։ Գոհ եմ։ Մյուս տղաները եւս հիանալի մասնակցություն ցույցաբերեցին։

Իսկ ոսկե մեդալները սպասվա՞ծ էին։

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 38 երկիր։ Այս տարի իր ուժեղ մարզիկներով փայլեց ԱՄՆ-ը, աշխարհի չեմպիոններ էին մասնակցում, բրազիլիացի մարմնամարզիկն էր շատ ուժեղ։ Մեծ մրցակցություն կար։ Միայն Ռուսաստանը, Չինաստանը չէին մասնակցում, որոնք ուժեղ մրցակիցներ են մեզ համար։

Մեդալների ակնկալիք ունեինք, բայց չորս մեդալն, իսկապես, անակնկալ էր: Լավագույն արդյունքը ցույց տվեց Հայաստանի հավաքականը։ Մասնակից երկրներից ոչ մեկը երկու ոսկե եւ չորս մեդալ չնվաճեցին։ Թիմային հաշվարկ չկա, բայց ոչ պաշտոնական թիմային հաշվարկում մեր հավաքականն առաջին տեղում էր։

Մրցավարության մասին ի՞նչ կասեք։

Շատ օբյեկտիվ էր մրցավարությանը, նորմալ էր ամեն ինչ, մրցավարներից մեկն էլ ես էի։ Մրցավարությունում որեւէ խնդիր չի եղել այս մրցաշարում։

Ինչպիսի՞ն են եղել արձագանքները մեր մարզիկների գրանցած հաջողություններին։

Արձագանքները աննկարագրելի են, այժմ մեր տղաները իսկական աստղեր են դարձել, բոլորը գալիս են, լուսանկարվում են, շնորհավորանքներ, դրական արձրագանքներ։ Ինձ ամենաշատն ուրախացրեց այն, որ սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքի առաջին էջում Հարություն Մերդինյանի լուսանկարն էր, նրա հաղթանակի մասին լուրը։ Շատ հաճելի է, երբ միջազգային ֆեդերացիան է այդպես արձագանքում մեր հաջողությանը, որովհետեւ մեն շատ փոքր երկիր ենք այսպիսի հաջողության համար։

Այժմ Քաթարում շարունակում ենք մարզումները, այստեղ անցկացնում ենք ուսումնամարզական հավաք՝ Եվրոպայի առաջնությունից առաջ։ Քանի որ մեր տղաները հրաշալի կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրները, վարժությունները, ծրագրերն ավելի ենք բարդացնում։

Մենք ուսումնամարզական հավաքը կշարունակենք մինչեւ ապրիլի 8-ը, ապա կվերադառնանք Հայաստան եւ կմեկնենք Եվրոպայի առաջնության, որը տեղի կունենա Ֆրանսիայում, ապրիլի 11-ից։ Մեր տղաները վերականգնվելու խնդիր չունեն, բոլորը լավ մարզավիճակում են, ավելին՝ ավելի բարդ ու հագեցած ծրագրով հանդես կգանք։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս