Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը բողոք ներկայացրել է Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության «Խառլամպիեւի հուշամրցաշարում» հաղթող հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի անհարգալից վարքի վերաբերյալ։ Բողոքը հղվել է Սիրողական սամբոյի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված, Ռուսաստանի եւ Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւի խոսքը բողոքի պատասխանն է, որին ըստ երեւույթին կհաջորդեն նաեւ գործնական քայլեր:
«Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա Ադրբեջանի հավաքականի անդամ է եւ ներկայացնում էր իր երկիրը աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունում: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակրի կոչմանը:
Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից եւ զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»,- նշում է Համառուսաստանյան եւ Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում