17:50  ,  31 մարտի, 2015

Բեռնար Շալանդ. Ես հրաժարական չեմ տվել

Ես հրաժարական չեմ տվել, ՀՖՖ-ի հետ մեր պայմանավորվածությամբ՝ նախատեսված էր, որ այն պահին, երբ Հայաստանը կկորցնի Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունը, ես կհեռանամ։ Այդ մասին ասել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը շվեյցարական Le Matin-ին։

«Հեռանալս քննարկել ենք լիարժեք հարգանքի եւ վստահության մթնոլորտում, որից հետո հրաժեշտ ենք տվել իրար։ Իհարկե, ես հիասթափված եմ։ Չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե հանդիպումը տեւեր 75 րոպե, ապա մենք 10 միավորով կլինեինք առաջին տեղում։ Չեմ կարող չմտածել նաեւ արդյունքների վրա ազդած որոշ հանգամանքների մասին՝ սերբերի հետ խաղի 84-րդ րոպեին չիրացրած 11 մետրանոցը, Ալբանիայում կարմիր քարտը, Դանիայում երկու առաջատար խաղացողների վնասվածքները։ Այո, մեր ծրագիրը խելահեղ էր, բայց ես սիրում եմ այդպիսի մարտահրավերներ։ Հատկապես, հպարտ եմ ֆուտբոլիստների հետ հաստատված փոխհարաբերություններով։ Խաղացողները ցանկանում էին, որ ես մնայի։

Հաջորդ տարի կդառնամ 65 տարեկան։ Բաց եմ առաջարկների համար, սակայն չեմ պատրաստվում նստել հեռախոսի մոտ եւ սպասել զանգի։ Սակայն գիտեմ, որ իմ ժամանակը չի սպառվել»,- ասել է Շալանդը։

Հիշեցնենք, որ Շալանդը հեռացել է Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ալբանիայից 1։2 հաշվով պարտվելուց հետո։ Հայաստանը չորս խաղում վաստակել է 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով