10:58  ,  31 մարտի, 2015

Բեռնար Շալանդի՝ ակումբային ֆուտբոլն ազգային հավաքականով փոխելու անհաջող փորձը

Շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը դարձավ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ամենաանհաջող մարզիչներից մեկը՝ ազգային թիմը գլխավորելով մոտ մեկ տարի:

Դա Շալանդի առաջին աշխատանքն էր ազգային թիմերում: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց 9 հանդիպում, որոնցում տարավ մեկ հաղթանակ, կրեց 7 պարտություն եւ մեկ անգամ խաղաց ոչ ոքի: Նրա նորամուտն ազգային թիմում եղավ Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ 4:3 հաշվով հաղթանակով, այնուհետեւ տեղի ունեցան Ալժիրից (1:3), Գերմանիայից (1:6) եւ Լատվիայից (0:2) կրած պարտությունները՝ դարձյալ ընկերական խաղերում: Իրենց լավագույն օրերը չապրող լատվիացիների դեմ հանդիպումից առաջ Շալանդը «խենթ» ֆուտբոլ էր խոստացել հայ երկրպագուներին, սակայն Հայաստանի թիմը Ռիգայում պարտվեց անգույն խաղով: Դրանից հետո Հայաստանի հավաքականը մեկնարկեց Եվրո-2016-ի ընտրական փուլում՝ առաջին խաղում Կոպենհագենում 1:2 հաշվով պարտվելով դանիացիներին: Սերբերի դեմ Երեւանյան խաղում հաղթանակը շատ մոտ էր, սակայն Մարկոս Պիզելիի չիրացրած 11 մետրանոցից հետո հյուրերը վերջին րոպեներին խուսափեցին պարտությունից: Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիայի դեմ Երեւանում անցկացված ընկերական մրցավեճում Հայաստանի հավաքականը ոչինչ չկարողացավ առաջարկել կարգով ավելի բարձր մրցակիցն եւ պարտվեց 0:3 հաշվով: Շալանդի նախավերջին խաղը Պորտուգալիայից կրած արտագնա պարտությունն էր, իսկ վերջինը՝ ալբանացիների դեմ օրեր առաջ կայացած խաղը: Ընդ որում՝ Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի դեմ խաղերում Հայաստանի թիմը բացեց հաշիվը, բայց չկարողացավ զարգացնել հաջողությունը:

Իհարկե, շվեյցարացի մասնագետի անհաջող աշխատանքին մեծապես նպաստեց նաեւ հաջողության գործոնը: Եվրո-2016-ի այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տարբեր վնասվածքների պատճառով դեռ ոչ մի խաղ չի անցկացրել ամբողջական եւ ուժեղագույն կազմով, իսկ շատ ֆուտբոլիստներ էլ հաճախ թիմին միացել են խաղային պրակտիկայի բացակայությամբ ու ոչ պատշաճ մարզավիճակում: Բեռնար Շալանդի առջեւ դրվել էր Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելու խնդիր, որն անհավատալի դարձավ ալբանացիներից կրած պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչն Ալբանիայից Երեւան վերադառնալուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ներկայացրել էր հրաժարականի դիմում, որն ընդունվել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Ավելի վաղ Հայրապետյանը հայտարարել էր, որ ալբանացիներին չհաղթելու դեպքում Շալանդը հեռացվելու է: Մինչեւ Հայաստանի հավաքականին միանալը շվեյցարացի 63-ամյա մասնագետն աշխատել էր միայն հայրենիքում՝ գլխավորելով մի շարք ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով