15:57  ,  30 մարտի, 2015

Սպորտի նախարարն ու Ի. Ռոդնինան քննարկել են Երեւանում կառուցվող գեղասահքի դպրոցի հարցերը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային, հաղորդում է նախարարության կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանում գեղասահքի նոր դպրոցի կառուցման աշխատանքներին առնչվող հարցեր: Ի. Ռոդնինան տեղեկացրել է, որ մարզադպրոց ունենալու երազանքը, որը չիրականացավ իր հայրենիքում, կյանքի է կոչվում Հայաստանում: Լեգենդար մարզուհին նշել է, որ սերտորեն համագործակցելու է մարզադպրոցում աշխատող մարզիչների հետ, որոնք էլ իրենց հերթին մեծ սիրով ու պատասխանատվությամբ պատանի մարզիկներին են փոխանցելու իրենց հմտությունները:

«Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է, որն աշխարհին հայտնի է նաեւ իր լեգենդար մարզիկներով»,- ասել է Ի. Ռոդնինան: 

Գ. Ղազարյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են նախարարությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մասսայականացման եւ քարոզչության ուղղությամբ: Նրա խոսքով՝ թեեւ Հայաստանը հարավային երկիր է, սակայն հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ ավանդաբար շատ մեծ է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում