21:50  ,  29 մարտի, 2015

Եվրո-2016. Ալբանացիները կամային հաղթանակով վերջ դրեցին Հայաստանի հավաքականի հույսերին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 29-ին հերթական անհաջող խաղն անցկացրեց Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում՝ հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվելով ալբանացիներին, ովքեր 2 գոլերն էլ խփեցին վերջնամասում:

Ալբանական Էլբասան քաղաքում կայացած խաղի մեկնարկը չափազանց հաջող էր Հայաստանի համար: Չորրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հրաշալի անցումից հետո փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանի ուղղությամբ, իսկ գերմանական «Քյոլնի» պաշտպան Մերգիմ Մավրայը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ առաջ մղելով հյուրերին: Նախորդ խաղերի համեմատ Բեռնար Շալանդը հրաժարվել էր 5 պաշտպաններով սխեմայից եւ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս 4-1-4-1 տակտիկական դասավորվածությամբ, որը բավական հաջող էր ստացվում առաջին խաղակեսում: Արագ գոլից հետո Հայաստանի հավաքականը սկսեց խաղալ իր սիրելի ֆուտբոլը՝ երկրորդ համարով ու հակագրոհներով, որոնք այնքան էլ վտանգավոր չէին ստացվում, քանի որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շատ հեռու էր իր լավագույն խաղից եւ ոչնչով աչքի չընկավ առջեւի գծում: Մինչեւ ընդմիջում Շալանդի թիմն այլ իրական գոլային պահեր չունեցավ, իսկ ալբանացիները գրեթե չէին գրոհում կենտրոնով՝ փորձելով գոլ խփել եզրային գրոհներից հետո: Առաջին խաղակեսում նրանք մի քանի սուր գրոհներ անցկացրին եւ ունեցան հաշիվը հավասարեցնելու 1-2 հնարավորություններ: Առաջին խաղակեսում Հայաստանի թիմի պաշտպանությունը բավական վստահ տեսք ուներ եւ շատ հաջող էր հանդես գալիս նաեւ ֆրանսիական «Մարսելի» 21-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը, ով նորամուտը նշեց ազգային թիմում: Անդոնյանը մեկ վրիպում թույլ տվեց 34-րդ րոպեին, երբ դաշտի տերերի հարձակվող Սոկոլ Ցիկալեշին օգտվեց դրանից եւ կատարեց վտանգավոր հարված, բայց գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Հայաստանի հավաքականը լավագույն խաղակեսն անցկացրեց այս ընտրական փուլում, սակայն ընդմիջումից հետո պատկերը փոխվեց:

Ընդմիջմանն ալբանացիները կատարեցին 2 փոփոխություն, իսկ երկրորդ խաղակեսը սկսվեց նրանց գրոհների ներքո: Երկրորդ խաղակեսի սզբնամասում դաշտի տերերն ունեին խաղային եւ տարածքային նկատելի առավելություն եւ մեկը մյուս հետեւից վտանգավոր պահեր էին ստեղծում Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ: Հայաստանի հավաքականը կարծես հաղթահարեց մեկնարկային լարվածությունը եւ խաղն աստիճանաբար հանգստանում էր, սակայն 70-րդ րոպեին մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, զգուշացվելով երկրորդ անգամ, ստացավ կարմիր քարտ: Այդ հեռացումը փոխեց ամեն բան: Սկզբնամասում ինքնագոլի հեղինակ դարձած Մերգիմ Մավրայը 77-րդ րոպեին ուղղեց իր սխալը՝ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով հավասարեցնելով հաշիվը: Հայաստանի թիմը դեռ ուշքի չէր եկել տեղի ունեցածից, իսկ տանտերերը շարունակում էին գրոհների տարափը եւ 4 րոպե անց նաեւ խփեցին երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Շկելզեն Գաշին՝ դարձյալ աչքի ընկնելով գլխի հարվածով: 84-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաեւ Տաշքենդի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ում նորամուտի խաղում Հայաստանի հավաքականը չկարողացավ փրկվել պարտությունից, թեեւ վերջնամասում կարող էր անել դա:

Հայաստանը 1 միավորով I խմբի հետնապան է, իսկ ալբանացիներն այս հաղթանակից հետո հավաքեցին 7 միավոր եւ հավասարվեցին խմբի առաջատար Դանիային: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի հունիսի 13-ին՝ Երեւանում ընդունելով պորտուգալացիներին: Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Ալբանիային չհաղթելու դեպքում շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը կհեռացվի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: 

Եվրո-2016, ընտրական փուլ
I խումբ
Ալբանիա - Հայաստան՝ 2:1

Մերգիմ Մավրայ, 77, Շկելզեն Գաշի, 81 – Մերգիմ Մավրայ, 4 (ինքնագոլ)

Հեռացում՝ Հովհաննես Համբարձումյան, 70 (Հայաստան) 

Ալբանիա. Էտրիտ Բերիշա («Լավիո»), Էլսեիդ Հյուսայ («Էմպոլի»), Լորիկ Ցանա («Լացիո»), Մերգիմ Մավրայ («Քյոլն»), Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Ամիր Աբրաշի («Գրասհոպեր», Էրմիր Լենյանի, 46), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա», Շկելզեն Գաշի, 46), Օդիսե Ռոշի («Ֆրանկֆուրտ», Համդի Սալիհի, 69), Սոկոլ Չիկալեշի («Սպլիտ»):

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան (Ռուսլան Կորյան, 84), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան (Կամո Հովհաննիսյան, 67), Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով