13:58  ,  29 մարտի, 2015

Ալբանիա - Հայաստան. Շալանդի վերջին հնարավորությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին կփորձի շտկել Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում ստեղծված անհաջող իրավիճակը: Էլբասան քաղաքում կայանալիք արտագնա խաղում Բեռնար Շալանդի թիմի մրցակիցը կլինի Ալբանիայի հավաքականը:

Հայաստանը եւ Ալբանիան մինչեւ օրս հանդիպել են 3 անգամ: Այդ խաղերում թիմերը տարել են մեկական հաղթանակ եւ մեկ անգամ գրանցվել է ոչ ոքի: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել աշխարհի 1998թ. առաջնության ընտրական փուլում, որում Հայաստանի հավաքականը Տիրանայում 1:1 հաշվով է ավարտել ալբանացիների դեմ խաղը, իսկ Երեւանում կայացած պատասխան մրցավեճում առավելության է հասել 3:0 հաշվով: 2013-ին թիմերն ընկերական խաղ անցկացրին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որտեղ տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: 


Այս ընտրական փուլում ալբանացիների գործերը շատ ավելի լավ են: Նրանք մեկնարկեցին Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ սենսացիոն արտագնա հաղթանակով, իսկ երկրորդ խաղում տանը ոչ ոքի խաղացին դանիացիների հետ: Սերբերի դեմ Բելգրադում կայացած խաղում գրանցված միջադեպի պատճառով 2 թիմերն էլ պատժվեցին տեխնիկական պարտությամբ եւ Ալբանիան Հայաստանի դեմ խաղին մոտենում է 4 միավորով՝ խմբում ընթանալով երրորդ տեղում:

Հայաստանի հավաքականը շատ անհաջող է սկսել ընտրական մրցաշարը՝ 3 խաղում վաստակելով 1 միավոր: Եթե Պորտուգալիայի եւ Դանիայի դեմ արտագնա խաղերում Շալանդի թիմը մոտ էր գոնե մեկական միավոր վաստակելուն, ապա սերբերին Երեւանում հաղթելը պարտադիր էր, սակայն Մարկոս Պիզելիի չիրացված 11 մետրանոցից հետո հյուրերը պարտությունից փրկվեցին վերջին րոպեներին:

Այս խաղին Ալբանիան մոտենում է մարտական կազմով, իսկ Հայաստանի հավաքականը հանդես կգա առանց մեկնարկային կազմի 2 ֆուտբոլիստների: Խոսքը Կառլեն Մկրտչյանի եւ Արաս Օզբիլիսի մասին է: Մոսկվայի «Սպարտակի» եւ ղազախական «Տոբոլի» կիսապաշտպանները հանդիպումը բաց կթողնեն վնասվածքի պատճառով: Ի տարբերություն Հայաստանի հավաքականի, Ալբանիայի թիմի կազմը շատ հավասարազոր է: Այստեղ 1-2 ֆուտբոլիստների բացկայությունը չի կարող արմատապես փոխել թիմի խաղը: Ալբանիայի հավաքականի կազմում մեծ աստղեր չկան, սակայն թիմն ունի բավական հավասար կազմ եւ բոլոր օղակներում էլ աչքի է ընկնում կայուն խաղով: 


Բեռնար Շալանդը, հավանաբար, փոխելու է թիմի տակտիկան: 5 պաշտպաններով խաղային սխեման, իհարկե, նվազեցրեց պաշտպանությունում բացերը, սակայն թիմի հարձակողական ներուժը եւս թուլացել եւ, իսկ այս խաղում հաղթանակից բացի այլ տարբերակ չի կարող քննարկվել: Շալանդի համար այս խաղը կարող է վերջինը լինել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, քանի որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Ալբանիային չհաղթելու դեպքում շվեյցարացի մասնագետը կհեռացվի:

Այս խաղից առաջ Հայաստանի հավաքականում հայտնվել են 2 նորեկներ: Եթե Տաշքենդի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ռուսլան Կորյանի՝ մեկնարկային կազմում հայտնվելը քիչ հավանական է, ապա ֆրանսիական «Մարսելի» 21-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը կարող է հանդես գալ մեկնարկային րոպեներից:

Բուքմեյքերները ֆավորիտ եմ համարում ալբանացիներին, բայց Հայաստանի հավաքականը շատ ավելի հաջող է հանդես գալիս հենց նմանատիպ դեպքերում: Երեւի, այս խաղին ամենաճիշտ բնորոշումը տվել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ասել է հետեւյալը. «Ալբանացիների դեմ խաղը կամ կպահպանի մեր հույսերը, կամ վերջ կդնի մեր շանսերին»:

Եվրո-2016, ընտրական փուլ 

I խումբ

Ալբանիա - Հայաստան՝ 20:00-ին (Երեւանի ժամանակով)

Գլխավոր մրցավար՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալան (Իսպանիա)

Հավանական կազմեր 

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Ալբանիա. Էտրիտ Բերիշա («Լացիո»), Էլսեիդ Հյուսայ («Էմպոլի»), Լորիկ Ցանա («Լացիո»), Մերգիմ Մավրայ («Քյոլն»), Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Ամիր Աբրաշի («Գրասհոպեր»), Տաուլյանտ Ջակա, Շկելզեն Գաշի (երկուսն էլ՝ «Բազել»), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Սոկոլ Չիկալեշի («Սպլիտ»):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով