20:24  ,  28 մարտի, 2015

Բեռնար Շալանդ. Մենք խաղալու ենք հաղթանակի համար

Խնդիրս ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է, իմ ապագան այդքան կարեւոր չէ, որքան թիմի ապագան, ասել է Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Ալբանիայի Էլբասան քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը:

«Դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա - Ալբանիա հանդիպմանը: Գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս եվրոպական առաջնություններում:

Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք: Չեմ վախենում մրցակցից, հարգում եմ: Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել:

Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Կլինի նաեւ Ռուսլան Կորյանը: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ: Ես նրան տեսել էի Թուրքիայում, երբ «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների»,- ասել է Բեռնար Շալանդը:

Մարտի 29-ին կայանալիք Ալբանիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով