02:03  ,  28 մարտի, 2015

Չեռնոգորիա - Ռուսաստան խաղն անավարտ մնաց բախման պատճառով (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղը դադարեցվեց երկրորդ անգամ եւ չի շարունակվի:

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող հանդիպման 66-րդ րոպեին «Կրասնոդարի» ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, ինչից հետո ֆանատները տրիբունայից խաղադաշտ նետեցին տարբեր իրեր եւ բախում տեղի ունեցավ 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Միջադեպի պատճառով խաղի գերմանացի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինն ուղեւորվեց հանդերձարան եւ ռուս ֆուտբոլիստները հետեւեցին նրա օրինակին: Այդ պահին հաշիվը 0:0 էր:

Հիշեցնենք, որ առաջին րոպեին ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին, ինչից հետո խաղը դադարեցվել էր: Դարպասապահը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նրա ուղղությամբ ծխագլան նետած երկրպագուն անմիջապես ձերբակալվել էր: Երկրորդ խաղակեսն էլ ուշացումով էր մեկնարկել ֆանատների անկարգությունների պատճառով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով