23:14  ,  26 մարտի, 2015

Վոլոդյա Ֆրանգուլյան. Պատրաստ եմ մեկնել Բաքու, բայց որոշումը պետք է ընդունի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը

Ինքս պատրաստ եմ մեկնել Բաքու, բայց վերջնական որոշումը պետք է ընդունի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը: Կախված է նաեւ այն բանից, թե ով այդ պահին կլինի գերազանց մարզավիճակում:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Վոլոդյա, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպի կոչման կապակցությամբ: Դեռեւս այս ամսվա սկզբին Մինսկում կայացած միջազգային խոշոր  մրցաշարում դու հաղթեցիր տիտղոսակիր եւ փորձառու ըմբիշների եւ դարձար ոսկե մեդալակիր: Պատմիր այդ մրցաշարում քո մրցելույթի մասին:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մեդվեդի մրցաշարին շատ լավ մարզավիճակում էի եւ լավ էի ինձ զգում: Հաղթանակից հետո ավելի ոգեւորվեցի: Մի քանի օր հանգստացա եւ վերսկսեցի մարզումներս, որպեսզի լավ մարզավիճակում մնամ Եվրոպայի Մ-23 առաջնության համար: Ինձ հաջողվեց լուծել իմ առջեւ դրված բոլոր խնդիրները:

Մրցաշարի եւ Եվրոպայի Մ-23 առաջնության միջեւ մոտ  երկու շաբաթ էր, հասցրե՞լ էիր ամբողջովին վերականգնել ուժերդ:

Այո, ինձ հաջողվեց արագ վերականգնվել, քանի որ այդ մրցաշարում հաղթելուց հետո ինձ ավելի վստահ էի զգում:

Եթե համեմատենք Մեդվեդի անվան մրցաշարը, որը մեծահասակների էր եւ Եվրոպայի առաջնությունը, որտե՞ղ էր ավելի բարդ հաղթելը:

Երկուսն էլ իրենց բարդության աստիճաններն ունեին: Մեդվեդի մրցաշարում շատ բարդ մրցակցություն էր, բայց Եվրոպայի առաջնությունն ավելի մեծ պատասխանատվություն էր պահանջում, այդտեղից էլ հոգեբանական ճնշումն էր ավելանում:

Ինչպե՞ս ես հաղթահարում հոգեբանական խնդիրները, լարվածությունը:

Կարծում եմ՝ հոգեբանական խնդիրների հաղթահարումը փորձից է կախված: Եթե մարզիկը մրցումային մեծ փորձ ունի, ապա փուլ առ փուլ նրան ավելի հեշտ է լինում կառավարել էմոցիաներն ու ամեն ինչ պահել հսկողության տակ:

Այս տարիքային խումբը (Մ-23) նոր է ըմբշամարտում, իսկ դու հանդիսանում ես նաև ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ: Ելույթներդ համատեղելո՞ւ ես:

Կարելի է ասել՝  Եվրոպայի առաջնությունն ինձ համար առաջինն ու վերջինն էր այս տարիքային խմբում, տարիքս այլեւս թույլ չի տա մասնակցել: Մնացած բոլոր առաջնություններն ու հաղթանակները կլինեն մեծահասակներում:

Առջեւում Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերն են, ինչպիսի՞ն է քո դիրքորոշումը այս Խաղերին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Ինքդ պատրա՞ստ ես մեկնել:

Ինքս պատրաստ եմ մեկնել Բաքու, բայց վերջնական որոշումը պետք է ընդունի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը: Կախված է նաեւ նրանից, թե ով այդ պահին կլինի գերազանց մարզավիճակում:

Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:

Առաջիկայում ցանկանում եմ մի փոքր հանգստանալ: Ծանրաբեռնված  տարի էր ինձ համար:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով