17:53  ,  26 մարտի, 2015

Արայիկ Բաղդադյան. Ֆրանգուլյանը հաղթեց ոչ միայն ադրբեջանցի եւ թուրք ըմբիշներին, այլեւ՝ մրցավարներին

Վոլոդյա Ֆրանգուլյանից շատ գոհ եմ: Նա ոչ միայն դարձավ չեմպիոն, հաղթեց ադրբեջանցի եւ թուրք ըմբիշներին, այլեւ իր գրագետ գոտեմարտերով հաղթեց մրցավարներին: Ես սպասում էի այս հաղթանակին, գիտեի, որ Վոլոդյան կարող է եւ պատրաստ է ոսկե մեդալի: Մյուս տղաներից եւս գոհ եմ, բացի 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլիից: Նա շատ վատ հանդես եկավ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը՝ ամփոփելով Լեհաստանում ավարտված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:  

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վոլոդյա Ֆրանգուլյանը: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում ներկայացել էր Արտակ Հովհաննիսյան (57 կգ ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ ), Նարեկ Սիրունյան (65կգ), Իշխան Պողոսյան (70կգ), Գրիգոր Գրիգորյան(74կգ), Վահե Թամրազյան (84կգ ), Վիկտոր Կազիշվիլի (96կգ) կազմով: 

Պարոն Բաղդադյան, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից ոսկե եւ արծաթե մեդալներով եք վերադառնում: Ձեզ բավարարո՞ւմ է այս արդյունքը։

Շատ գոհ եմ տղաների մասնակցությունից: Թիմը լավ հանդես եկավ, լավ մարզավիճակում էին: Ինձ եւ բոլորիս շատ ուրախացրեց 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ դառնալով չեմպիոն: Նա հրաշալի մասնակցություն ցույց տվեց, գրագետ գոտեմարտեր անցկացրեց, բավական բարդ գոտեմարտեր ունեցավ, ուժեղ մրցակիցներ ուներ մինչեւ եզրափակիչ: Ինձ մասնավորապես շատ ուրախացրեց ադրբեջանցու եւ թուրք ըմբիշների նկատմամբ տարած հաղթանակները: Իրականում, շատ բարդ ընթացավ, մասնավորապես, թուրք ըմբիշի հետ գոտեմարտը: Վոլոդյան համառ պայքար տարավ ոչ միայն մրցակցի, այլեւ մրցավարների հետ: Ամբողջ մրցավարական կազմը թուրք ըմբիշի կողմն էր։ Նրանք փորձում էին ամեն ինչ անել, որ թուրք ըմբիշը հաղթի, բայց վերջին վայրկյանին, երբ մրցավարներին եւ թուրք ըմբիշին թվաց թե վերջ, հաղթանակն իրենցն է, Վոլոդյան ուժ գտավ իր մեջ եւ միավոր վաստակելով առավելության հասավ թուրքի նկատմամբ: Ամբողջ դահլիճն էր ոտքի ելել, արդեն դժգոհում, թե այս ինչ եք անում, ինչպիսի մրցավարություն է, բայց Վոլոդյան վերջին վայրկյանին իր մեջ ուժ գտավ:  Նա իրականում հաղթեց ոչ միայն թուրք ըմբիշին, այլ նաեւ մրցավարներին: Վոլոդյա Ֆրանգուլյանի հեռանկարները մեծ են, վստահ եմ, որ նա դեռ շատ այսպիսի գեղեցիկ հաղթանակներ կունենա:

Փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանին ի՞նչը խանգարեց ոսկե մեդալին հասնել:

Գոհ եմ նաեւ Գրիգոր Գրիգորյանից: Նա եւս ոսկե մեդալի հավակնորդ էր, բայց մեր ըմբիշն ուղղակի ֆիզիկապես հոգնածության պատճառով չկարողացավ հաղթահարել եզրափակիչ փուլը: Գրիգոր Գրիգորյանը վնասվածք ուներ, հավաքների ժամանակ եւ մարզվում էր, եւ բուժվում: Դեռ լիարժեք չէր ապաքինվել: Եզրափակիչ գոտեմարտում հավասար պայքար էր վրացի ըմբիշի հետ, բայց մի նկատողություն ուներ: 1:1 միավորով հավասար էին երկուսն էլ, բայց քանի որ գոտեմարտի սկզբից մեկ նկատողություն ուներ Գրիգորը, առավելությունը տվեցին վրացի ըմբիշին:

70 կգ քաշային Իշխան Պողոսյանը բաց թողեց բրոնզե մեդալը: Ի՞նչն էր պատճառը։

70 կգ քաշային Իշխան Պողոսյանի գոտեմարտերը եւս գոհացնող էին: Իշխանը փորձեց պայքարել բրոնզե մեդալի համար, բայց փորձի պակասը խանգարեց իրեն: Իշխանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների կազմում նման խոշոր մրցաշարի: Նա անցկացրեց բարդ գոտեմարտեր, իր ուժերի հնարավորությունների չափով հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, ինչն ինձ գոհացնում է, միայն թե երիտասարդ ըմբիշը միջազգային մրցաշարերի փորձի պակաս ունի: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է եւ համոզված եմ, որ Իշխանը մեզ դեռ շատ կուրախացնի:

Պարոն Բաղդադյան մյուս քաշային կարգերի ներկայացուցիչների մասին ի՞նչ կասեք, ումի՞ց եք դժքոհ, ո՞վ ձեզ չգոհացրեց:

Այս առաջնությանը շատ վատ հանդես եկավ 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին: Նրանից սպասելիքներ ունեի, մեդալի ակնկալիք, բայց նա շատ վատ հանդես եկավ, անհաջող գոտեմարտեց: Մրցավարական խնդիր չկար, այլ խնդիրը հենց ըմբիշի մեջ էր:

Թույլ մասնակցություն ունեցան 57 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, 84 կգ Վահե Թամրազյանը: Նրանցից եւս դժգոհ եմ: Համեմատաբար մի քիչ ավելի լավ հանդես եկավ Նարեկ Սիրունյանը, բայց էլի թույլ էր: Այս ըմբիշներից եմ դժգոհ, շատ աշխատանք պետք է տարվի, մարզումներ, եւ ամենակարեւորը փորձի պակաս, որն ունեն մեր երիտասարդ ըմբիշները: Բայց ընդհանուր հավաքականից գոհ եմ:

Առաջին անգամ էր անցկացվում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն եւ առաջին անգամի համար մեր արդյունքը նորմալ է: Թիմային հաշվարկում զբաղեցրել ենք 5-րդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին եւ Վրաստանին: Սա ապացուցում է, որ այս երկրներում ըմբշամարտը շատ զարգացած է, մարդիկ շատ լուրջ են վերաբերվում, ընդունում, մեծ ներդրումներ են արվում ըմբշամարտում:

Առջեւում Եվրոպական խաղերն են: Հնարավո՞ր է՝ ազատ ոճի ըմբիշներն այս կազմով հանդես գան Բաքվում:

Այս կազմով չենք մեկնի Բաքու: Հավաքականում դեռ փոփոխություններ կլինեն: Ապրիլի 25-27-ը Երեւանում կանցկացնենք Հայաստանի մեծահասակների առաջնություն եւ դրանից հետո կորոշվի, թե ովքեր են հանդես գալու Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով