18:48  ,  6 մարտի, 2015

Ալբերտ Ազարյան. Մինչեւ մեր աչքով չտեսենք նոր մարզագույքը, չենք ուրախանա

Այս տարի սպորտի նախարարության ծրագրում մտնում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպորցը մի քանի նոր գործիքներով համալրելը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով ներկա է եղել սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցելույթներին եւ պարգեւատրությանը:

«Ես գոհ եմ մեր մարմնամարզիկներից։ Նրանց մրցելույթներն ու արդյունքները գոհացնող են։ Պայմանների խնդիր կա: Դրանց լուծումն ընդգրկված է Սպորտի նախարարության այս տարվա ծրագրում: Մարզադահլիճն այս տարի կհամալրվի նոր մարզագույքով, գործիքներով»,- ասել է Գաբրիել Ղազարյանը։

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը, որտեղ հիմնական մարզումներն է անցկացնում Հայաստանի հավաքականը, գտնվում է ոչ բավարար վիճակում։ Կառույցը չի նորոգվել։ Մարզիկները մարզվում են հնամաշ մարզագույքի, գործիքների վրա։

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ծաղկաձորյան հավաքի ժամանակ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Ծաղկաձորի մարզաբազայի ըմբշամարտի մրցագորգն ավելի լավն է, քան Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի մարմնամարզության գորգերը։

Պարբերաբար մարզադպրոցին խոստումներ են հնչում, որ կհամալրվի նոր մարզագույքով եւ գործիքներով, սակայն մարմնամարզիկները շարունակում են մարզվել հին գործիքների վրա։

Ալբերտ Ազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչեւ իրենց աչքով չտեսնեն մարզագույքը, նոր գործիքները՝ չեն ուրախանա։

«Ասում են, որ այս տարի վերջապես նոր գործիքներ կունենանք։ Դեռ չենք շտապում ուրախանալ այդ փաստով։ Մինչեւ մեր աչքով չտեսենք, մինչեւ չբերեն, չտեղադրեն, չենք ուրախանա։ Կբերեն՝ մեր մեծ շնորհակալությունը կհայտնենք»,- ասաց Ալբերտ Ազարյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով