17:41  ,  5 մարտի, 2015

Հակոբ Սերոբյան. Հավաքականը կմեկնի Աշխարհի Գավաթին, իսկ նպատակն օլիմպիական վարկանիշն է

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում անցկացվում է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Բազմամարտի Հայաստանի չեմպիոն է դարձել հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը, փոխչեմպիոն՝ Վիգեն Խաչատրյանը, երրորդ տեղը զբաղեցրել է երիտասարդական հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը:

Բազմամարտի մրցումից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ։

Պարոն Սերոբյան ամփոփեք Հայաստանի առաջնության բազմամարտի մրցումները:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են բոլոր հավաքականները: Մեծահասակներից  մասնակցում են հավաքականի բոլոր անդամները, այդ թվում զինծառայողներ Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Հավաքականի մասնակցությունից գոհ եմ: Տղաները բոլորն էլ լավ  կատարեցին իրենց վարժությունները: Ինձ ուրախացրին երիտասարդական հավաքականի տղաները, նրանք եւս լավ ելույթներ ունեցան, վարժությունները մաքուր կատարեցին: Այս երիտասարդներից սպասելիքներ դեռ շատ կան: Ինձ մի փոքր զայրացրեց Հարություն Մերդինյանը։ Նա այսօր իր բարդ վարժությունը լավ չկատարեց: Նա հիանալի ու շատ բարդ ցատկով է ավարտում վարժությունները, այսօր չկատարեց այդ բարդ ցատկը:

Առաջնության արդյունքներով Հայաստանի հավաքականում կլինեն համալրումներ: Մենք ունենք շատ լավ կազմ, բայց համալրումներն անհրաժեշտ են: Երիտասարդների մեջ ունենք հիանալի մարմնամարզիկներ, որոնցից մի քանիսը գուցե համալրեն մեծահասակների հավաքականը: Հայաստանի առաջնության արդյունքների շնորհիվ մեծահասակների կազմը կարող են համալրել Նարբե Հակոբյանը, Էդգար Իգիթխանովը, Ժորա Սմբատյանը: Կան եւս երկու մարմնամարզիկներ երիտասարդների թիմում, ովքեր այսօր առաջնությանը չեն մասնակցում: Նրանք եւս ունեն բոլոր հնարավորությունները համալրելու մեծահասակների կազմը: Այս մարզիկները նույնիսկ երիտասարդ էլ չեն, ավելի փոքր են՝ 2001, 2002 թվականների ծնունդներ են: Այս երեխաները հետագայում կարող են փոխարինել մեր տղաներին, բայց սպորտային մարմնամարզությունն այն մարզաձեւն է, որ միայն հասունացման տարիքից հետո պարզ կլինի՝ նրանք մարմնամարզիկներ են, թե ոչ: Իսկ այս երեխաներն, ովքեր հավակնում են հավաքական կազմ տեղափոխվելու, դեռեւս հասունացման շրջանը չեն անցել:

Նախաօլիմպիական տարի է, առջեւում Եվրոպայի, աշխարհի առաջնություններն են: Այս պահին ի՞նչ մարզավիճակում են գտնվում մեր առաջատարները:

Այն մարզավիճակն, ինչ ունեն մեր տղաներն այս պահին, լավ է: Բայց մենք դեռ այն լավ մարզավիճակում չենք, որը մեզ հարկավոր է: Այսօր մեզ պետք չէ, որ մեր մարզավիճակի գագաթին լինենք։ Առջեւում ունենք Աշխարհի գավաթ՝ Քաթարում: Մեկնելու ենք մարտի 23-ին, այդ ժամանակ արդեն հավաքականի տղաները կունենան այն մարզավիճակը, որը հարկավոր է: Այդ մարզավիճակը կպահենք Քաթարի մրցաշարից հետո անցկացվելիք ուսումնամարզական հավաքի ընթացքում, որից անմիջապես հետո, ապրիլի 11-ին կմեկնենք Ֆրանսիա՝ Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ պետք է ունենանք կատարյալ մարզավիճակ, դա մեզ հարկավոր է։ Տղաները կլինեն իրենց մարզավիճակի բարձրակետում:

Աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարին մասնակցելու ենք առանձին գործիքներով՝ Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյանը,  Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը:

Հավաք կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ Քաթարում։ Աշխարհի գավաթային մրցաշարը կկայանա մարտի 23-28-ը: Իսկ մարտի 28-ից ապրիլի 8-ը կմնանք Քաթարում եւ կանցկացնենք վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ: Մեր նպատակը օլիմպիական վարկանիշն է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով