12:50  ,  4 մարտի, 2015

Ռոման Բերեզովսկի. Կփորձեմ լավ մարզավիճակս պահպանել մինչեւ Ալբանիայի դեմ խաղը

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է իտալական «Նապոլիի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության եւ իր մարզավիճակի մասին:

«Եվրոպայի լիգայի վիաճակահանությունից հետո առաջին հերթին մտածեցի «Նապոլիի» դեմ խաղում մթնոլորտի մասին: Նեապոլն իսկական ֆուտբոլային քաղաք է, որտեղ ապրում են այդ խաղով: Հայաստանի հավաքականի կազմում խաղացել եմ «Սան Պաուլուում»: Այնտեղ ֆուտբոլի շունչը զգացվում է դեռ ստադիոնի ճանապարհին: «Նապոլին» ուժեղ թիմ է, որն ունի լավ ֆուտբոլիստներ: Այստեղ կարեւոր գործոն է թիմի աջակցությունը. երկրպագուները 12-րդ խաղացողն են: Տանը «Նապոլին» շատ լավ է հանդես գալիս:

Ինչ վերաբերում է «Դինամոյում» դարպասապահների մրցակցությանը, ապա կասեմ, որ ամեն պահի պատրաստ եմ օգտակար լինել թիմին: Փառք Աստծո, առողջական խնդիրներ չունեմ: Կարծում եմ՝ այժմ լավ մարզավիճակում եմ: Մարտի վերջնամասում կարեւորագույն խաղ ունենք Ալբանիայի հավաքականի հետ: Հուսով եմ՝ այդ հանդիպմանը կմոտենամ օպտիմալ մարզավիճակում»,- 40-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է «Известия»-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս տարվա առաջին խաղն անցկացնելու է մարտի 29-ին՝ Եվրո-2016-ի ընտրական փուլում հյուրընկալվելով Ալբանիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս