11:25  ,  4 մարտի, 2015

Դավիդ Յուրչենկոն՝ անցած ուղու եւ կարիերայի գագաթնակետում լինելու մասին

Բաշկիրիայի «Ուֆայի» 28-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն «Սպորտ Էքսպրեսի» հետ հարցազրույցում պատմել է անցած ուղու, ընտանիքի եւ նախասիրությունների մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յուրչենկոն ունի հայկական արմատներ եւ կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում: Նա եւս հայտնել է Հայաստանի ազգային թիմում հանդես գալու ցանկություն:

Դուք արմատներով Թուրքմենստանից եք, ինչպե՞ս հայտնվեցիք Ռուսաստանում:

Երբ 8 տարեկան էի, ծնողներս տեղափոխվեցին Տվեր, որտեղ այցելեցի «Վոլգա» թիմի ակադեմիա: 4 տարի անց՝ 1998-ին, մենք տեղափոխվեցինք Մոսկվա: Ծնողներս ցանկանում էին աճելու հնարավորություն տալ ինձ ու եղբորս, իսկ ինձ արդեն կանչում էին մայրաքաղաք: Կարելի է ասել, որ ծնողներս նման քայլի դիմեցին հանուն ինձ: 

Ընտանիքում ինչպե՞ս են վերաբերվում սպորտին:

Հայրս սպորտի վարպետ է բռնցքամարտում, իսկ եղբայրս ընդգրկվել էր թաեքվոնդոյի Ռուսաստանի օլիմպիական հավաքականում ու դարձել է երկրի չեմպիոն: Ցավոք, նա առողջության պատճառով ավարտեց կարիերան: Մայրս սպորտի հետ ոչ մի կապ չունի:  

Դուք ե՞ւս զբաղվել եք մենապայքարային մարզաձեւերով:

Ոչ պրոֆեսիոնալ, միայն աճելու համար: Եղբորս հետ գնում էի մարզումների եւ նույնիսկ մասնակցել եմ մրցումների: Հետո հասկացա, որ ֆուտբոլն ավելի մոտ է ինձ:

Այդ մարզումները հետագայում օգտակար եղե՞լ են կյանքում:

Ինչ-որ տեղ՝ այո: Տղաներին հատուկ է կռվել եւ մրցակցել:

Աղջկա՞ համար:

Թող լինի, որ աղջկա համար (ծիծաղում է):

Մոսկվայում միանգամի՞ց հրավիրեցին «Սպարտակի» դպրոց:

Ոչ: Սկզբում եղբորս հետ մեկնեցինք ՖՇՄ ակումբ: Առաջին մարզումից հետո ասացին, որ համապատասխանում եմ: Աչքերս փայլեցին, իսկ տուն վերադառնալիս մտածեցի, որ կարող եմ համապատասխանել նաեւ «Սպարտակին»: Այնտեղ ցանկանում էին հայտնվել ֆուտբոլ խաղացող բոլոր տղաները: Որքան էլ զարամանալի է, ինձ մոտ ստացվեց, բայց այնտեղ մնացի մոտ մեկ տարի: Եղավ առաջարկ «Լոկոմոտիվից», որտեղ նոր էր ձեւավորվում պատանեկան դպրոց: Այդ որոշումը կայացրի միայն մեկ մարդու՝ դարպասապահների մարզիչ Միխայիլ Վասիեւի շնորհիվ: Հենց նա ինձ դարձրեց ֆուտբոլիստ: Ես նաեւ մեկնում էի նրա մարզումներին, դիտում էի, թե ինչպես է աշխատում մյուսների հետ եւ ինչ է խոսում: Ի դեպ, նա մինչեւ հիմա աշխատում է «Լոկոմոտիվի» դպրոցում:

Ասում էիք, որ «Լոկոմոտիվում» չունեիք ապագա:

Նույնիսկ չմնացի երկրորդ թիմում: Այն ժամանակ «Լոկոյում» կային հզոր դարպասապահներ՝ Օվչիննիկով, Նիգմատուլին, Խապով, Զախարչուկ, գումարած դրան՝ ուժեղ երիտասարդներ: Եթե սպասեի իմ ժամանակին, անիմաստ ժամանակ կվատնեի: Այդ պատճառով տեղափոխվեցի Երկրորդ լիգայում խաղացող «Տիտան»:

Հետո ինչպես հայտնվեցիք Լատվիայում եւ Բելառուսում:

Երկրորդ լիգայում մեկ տարի անցկացնելուց հետո վերադարձա «Լոկոմոտիվ», սակայն թիմի հիմնական կազմում ընդգրկվելու շանս, միեւնույն է, չունեի: Թիմն առաջարկեց պայմանագիր, որը չգոհացրեց ինձ: Այդ ժամանակ հանդիպեցի մի գործակալի, ով տարավ ինձ Լիեպայի «Մետալուրգ»: 17 տարեկանում արտասահման մեկնելը մի քիչ վախենալու էր: Լատվիայում հասկացա, թե ինչպես ես վաստակում ամեն մի լումա եւ ինչ է իրականում ընտանիքը՝ դառնալով տղամարդ: Հետո ստացա վնասվածք եւ մեկ տարի մնացի առանց ֆուտբոլի: Վերականգնվելու համար մեկնեցի Մոսկվա, իսկ հետո հայտնվեցի նաեւ Մինսկի «Դինամոյում»:

Ճի՞շտ է, որ Մինսկում սկսել էիք հետաքրքրվել գոլֆով:

Նման բան եղել է: Զվարճալի պատմություն է: Իմ սլովակ թիմակից Մատուշ Կուկլյան իր հետ բերել էր գոլֆ խաղալու հարմարանքներ: Միասին ապրում էինք մարզաբազայում եւ հաճախ գոլֆ էինք խաղում, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս ձկնորսությունը: Ցավոք, այժմ քիչ ժամանակ ունենք ընտանիքի հետ ինչ-որ տեղ մեկնելու համար:

Դուք նշել եք, որ «Կռիլյա Սովետովում» հայտնվել եք Լեոնիդ Սլուցկու շնորհիվ: Ծանո՞թ էիք ԲԿՄԱ-ի այժմյան մարզիչ հետ:

Ոչ: Այնպես ստացվեց, որ նա Մինսկ էր եկել իմ խաղը դիտելու համար եւ հավանել էր: 21 տարեկանում ես հավաքի մասնակցեցի «Կռիլյա Սովետովի» հետ եւ կնքեցի 4 տարվա պայմանագիր:

Ըստ Ձեզ՝ Սլուցկին՝ որպես մարզիչ, շատ է փոխվել այն ժամանակվանից:

Նա խելացի մարդ ու մարզիչ է, գրագետ հոգեբան: Նա լավ է պատրաստում թիմին եւ ուսումնասիրում մրցակցին: Հայացքով ու ժպիտով նա չի փոխվել, նունիսկ մի քիչ նիհարել է:

ԲԿՄԱ-ից 0:5 հաշվով պարտությունից հետո նա ինչ-որ բան ասա՞ց Ձեզ:

Այդ խաղից հետո ուժասպառ էի եղել: Նա կանչեց ինձ եւ շնորհավորեց՝ ասելով, որ չհիասթափվեմ եւ շարունակեմ աճել: Սլուցկին նաեւ նշեց, որ հետեւում է ինձ:

Դա ակնա՞րկ էր:

Ժամանակը ցույց կտա (ժպտում է): Եթե ավելի լուրջ, երեւի դրանք պարզապես աջակցական խոսքեր էին:

Մեր թերթի վարկածով՝ Դուք առաջին շրջանի լավագույն դարպասապահն եք: Այժմ հասե՞լ  եք կարիերայի գագաթնակետին:

Երեւի, այո: Հնարավոր է, որ դրա պատճառը շատ խաղալն է: Ընտանիքս հպարտանում է ինձանով: Ես պարզապես ուրախ եմ, որ մարդիկ վստահում են ինձ: Դա ստիպում է աշխատել ավելի շատ, որպեսզի մնամ նույն մակարդակի վրա:

Հետեւում եք մամուլում Ձեր գնահատականներին:

Եթե անկեղծ, ոչ: Ընդհանրապես չեմ հետեւում, սակայն հաճելի է լսել դա:

Բուֆոնը նախկինի պես լավագո՞ւյնն է Ձեզ համար:

Պետք է ձգտել հավասարվել նրա պես դարպասապահին: Նա եկար տարիներ խաղում է բարձր մակարդակով եւ արժանի է գովեստի, ինչպես Կասիլյասը: ԱԱ-2014-ում հայտնվեց նաեւ Օչոան: Կնշեմ նաեւ բելգիացի Կուրտուային, ում աճն ակնհայտ է: Հետեւում եմ շատ դարպասապահների եւ փորձում սովորել ինչ-որ բան:

Իսկ ի՞նչ կասեք Նոյերի ոճի մասին:

Նա շատ ուժեղ դարպասապահ է, սակայն նրա ոտքով խաղը երբեմն ռիսկային է ինձ համար: Չի կարելի այդպես ձեռք առնել խաղացողներին: Եթե ես եւս լինեի դաշտի խաղացող, ապա 2 ոտքով սահանկում կանեի նրան: Լսել եմ, որ դարպասապահի կարիերան ավարտելուց հետո Մանուելը ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Գուցե դա կատակ էր, բայց հետաքրքիր կլինի նրան տեսնել նոր կարգավիճակում:

Ձեր մոտ եղել է խաղադաշտ մտնելու կամ վերջին րոպեներին մրցակցի տուգանային հրապարակ գնալու ցանկություն:

Դա իմ գործը չէ: Բացի այդ, ես չեմ կարողանում: Ինչի՞ համար խանգարես քո թիմակիցներին: Ինձ ավելի շատ դուր է գալիս գնդակներ որսալը:

Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ դարպասապահի համար ուժերի ծաղկման տարիքը 30-նն է:

Երեւի, դրանում ճշմարտություն կա: Ամեն դեպքում, դարպասապահն ավելի շատ է աշխատում իր հոգեբանության վրա: Երբ դու ավելի ես կայունանում այդ հարցում, դու բացվում ես: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում