12:24  ,  3 մարտի, 2015

Բելգիացի մասնագետը՝ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագրի մասին

ՀՖՖ տեխնիկական տնօրեն, բելգիացի մասնագետ Մարկ Լելեւրն առաջարկել է մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագրիր, որը մի շարք հետաքրքրական փոփոխություններ է նախատեսում: ՀՖՖ կայքի հետ հարցազրույցում Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրել է նոր ծրագրի հետ կապված մանրամասներ: 

Պարոն Լելեւր, քանի որ Դուք եք նոր ծրագիրը ներկայացրել ՀՖՖ Գործադիր կոմիտեին, կխնդրեինք անդրադառնալ ծրագրի հետ կապված որոշ մանրամասների:

Այն նորություն չէ համաշխարհային մանկապատանեկան ֆուտբոլում: Նմանատիպ պրակտիկա լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: 

Որո՞նք են ծրագրի հիմնական նպատակները:

Ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ՝ խաղալու հնարավորություն տալ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստներին եւ որպես գերակա նպատակ սահմանել ոչ թե արդյունքը, այլ պատանի ֆուտբոլիստների անհատական որակների բարելավումը: Մինչ այժմ գործող համակարգում նախապատվությունը մշտապես տրվում էր արդյունքին: Խաղում էին թիմի լավագույն 11-15 ֆուտբոլիստները, որոնք կարող էին ապահովել այդ արդյունքը: Այժմ նոր ծրագրով յուրաքանչյուր տարիքային խմբի համար կսահմանվի փոխարինումների պարտադիր քանակ, կոնկրետ րոպեների մարզիչները կկատարեն պարտադիր փոխարինումներ, որը հնարավորություն կտա բոլորին ստանալ բավարար խաղաժամանակ: Բացի դրանից, 9-ից 13 տարեկանների պարագայում մենք վերացնում ենք առաջնութուն հասկացությունը՝ այն փոխարինելով առանց միավորներով մրցաշարի:

Չե՞ք կարծում, որ վերացնելով միավորների հաշվարկը՝ երեխաների մեջ կվերացնեք մրցակցային ոգին եւ հաղթելու ձգտումը:

Եթե մենք Հայաստանում այսօր չունենայինք մանկապատանեկան թիմեր, որոնք խաղին հայտավորում են 20 ֆուտբոլիստ եւ միշտ խաղացնում են 11-15 ֆուտբոլիստի՝ արդյունքի հասնելու համար, մենք այս քայլին կարող է եւ չգնայինք, սակայն ներկա իրավիճակում մենք պետք է մրցակցությունը մղենք երկրորդ պլան եւ որպես մեր առաջնային նպատակ սահմանենք հնարավորինս շատ ֆուտբոլիստների խաղաժամանակ տրամադրելը:

Երբվանի՞ց է կիրառվելու նոր ծրագիրը:

Մենք ունենք 4-5 ամիս մեր նախատեսած փոփոխությունները սահուն ձեւով իրականացնելու համար: Նոր ծրագիրը կսկսի կիրառվել 2015/2016 թթ. մրցաշրջանից սկսած:

 Նոր ծրագրի կիրառումը որոշակի փոփոխություններ կմտցնի՞ մարզումային մոդելներում:

Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանցը», «Փյունիկը», «Միկան»: Մենք ակադեմիայի մանկապատանեկան թիմերում  ընդգրկված ֆուտբոլիստներին կբաժանենք 2 մասի՝ լավագույնների դպրոց (elite part) եւ սոցիալական հատված: Ընտրված լավագույն 306 պատանի ֆուտբոլիստները  կստանան խիստ մասնագիտական, խորացված կրթություն: Միաժամանակ մյուսներին չենք զրկի ֆուտբոլով զբաղվելու հաճույքից, ուղղակի նրանց մարզումները կլինեն ոչ խորացված եւ այդ թիմերը չեն մասնակցի տարբեր տարիքային մրցաշարերին: Ֆուտբոլիստները կգտնվեն մեր մարզիչների շարունակական վերահսկողության տակ եւ աչքի ընկնելու դեպքում կհրավիրվեն էլիտ մաս: Մարզիչների քանակը կավելանա մեկով՝ 11-ից հասնելով 12-ի:

Օրերս Դուք նշանակվել եք ՀՖՖ տեխնիկական տնօրեն: Մի փոքր մանրամասնեք, թե ինչ է մտնելու Ձեր պարտականությունների մեջ:

Մինչեւ տեխնիկական տնօրենի պաշտոնը ստանձնելը ես արդեն որոշակիորեն ծանոթ էի հայկական ֆուտբոլի խնդիրներին: Եթե փորձեմ կարճ ձեւակերպել, մենք ունենք շատ լավ, զարգացած ենթակառուցվածքներ, ժամանակակից խաղադաշտեր, մարզադաշտեր, ժամանակակից ֆուտբոլային գույք, բայց պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այդ ամենը: Հենց  այդ խնդիրն է լինելու գերակա իմ աշխատանքի մեջ: Տեխնիկական տնօրենի գործառույթների մեջ է մտնում նաեւ Մ-14 ից սկսած մինչեւ Մ-19 հավաքականների մարզիչների թեկնածությունների առաջադրումը ՀՖՖ նախագահին եւ նրանց հետագա աշխատանքի համակարգումը:

Իսկ ինչո՞ւ է Ձեր աշխատանքը սահմանափակվում մինչեւ 19 տարեկանների հավաքականով եւ չի տարածվում մինչեւ 21 տարեկանների կամ ազգային հավաքականի վրա:

Ազգային հավաքականի մարզչի պաշտոնը հավերժ չէ: Մարզիչը կարող է փոխվել 2 տարին մեկ: Կգա նոր մարզիչ եւ կպահանջի, որ պատանեկան հավաքականները խաղան իր նախընտրած փիլիսոփայությամբ: Հենց այդ պատճառով մենք ուզում ենք զարգացնել հայկական խաղաոճը՝ այսինքն ներդնել մեր փիլիսոփայությունը, բայց օգտագործել այն հատկանիշները, որոնք առավել բնորոշ են հայկական ֆուտբոլին: Մենք ուզում ենք ազգային հավաքականին մատակարարել ֆուտբոլային գերազանց ունակություններով օժտված խաղացողներ, որոնք հետագայում կտեղավորվեն ազգային հավաքականի մարզչի մտահղացումներում: Հակառակ դեպքում մեկ մարզիչ կարող է պահանջել խաղալ, օրինակ, 4-2-3-1 դասավորությամբ, այդ համակարգը ներդրվի ֆուտբոլում, 2 տարի հետո գա այլ մարզիչ եւ պահանջի խաղալ, օրինակ 3 պաշտպանով: Նման պարագայում մենք հաջողություն ունենալ չենք կարող, իսկ եթե այն լինի, կլինի ժամանակավոր: Եթե մենք ունենանք կայացած համակարգ, մանկապատանեկան ֆուտբոլը կախված չի լինի ազգային հավաքականի մարզչի թեկնածությունից: Տարբեր տարիքային ազգային հավաքականներից եւ մանկապատանեկան ֆուտբոլից բացի ես կհամակարգեմ նաեւ մասսայական ֆուտբոլը եւ մարզչական կրթության գործընթացը Հայաստանում: Ընդհանուր առմամբ, տեխնիկական տնօրենը պետք է ապահովի ֆուտբոլի համընդհանուր զարգացումը տվյալ երկրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս