20:21  ,  2 մարտի, 2015

11 հայ հրաձիգներ մեկնեցին Հոլանդիա

Հրաձգության Հայաստանի հավաքականի մարզիկները մեկնել են Հոլանդիա։ Մարտի 3-8-ը Արնեմ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը` հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձեւերից (10մ հեռավորությունից): Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 43 երկրի 521 մարզիկ։ Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ: Նրանք կմասնակցեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հայաստանը նման մեծ կազմով անկախությունից հետո մասնակցել է միայն 2013թ. Դանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Թիմի կազմը հիմնականում մնացել է նույնը։ Հայաստանի հավաքականը կազմված է Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի եւ Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից: Երիտասարդ Հրաչիկ Բաբայանը մրցմանը կմասնակցի մեծահասակների պայքարում՝ նախապատրաստվելու համար Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին:

Թիմում նորեկ է 12-ամյա Հայկ Բաբայանը՝ Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրը: Եվրոպայի առաջնությունը նրա երկրոդ արտագնա մրցումն է: Մարզիկներից յուրաքանչյուրը կմասնակցի մեկ վարժության, իսկ վազող թիրախ ձեւի մարզիկները կմասնակցեն երկուսի՝ խառը եւ նորմալ վազք մրցաձեւերին, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Մարտի 4-ին կմրցեն Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը, Զավեն Իգիթյանն ու Մարիամ Միքայելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում