16:54  ,  2 մարտի, 2015

Յուրգեն Կլոպին դուր չի եկել Օբամեյանգի՝ Բեթմենի դիմակը

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին դուր չի եկել Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի տոնումը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում: Օբամեյանգի գոլից հետո գաբոնցի հարձակվողը «վերածվել» էր Բեթմենի, իսկ «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը դարձել էր նույն ֆիլմի հերոսներից Ռոբին:

«Օբամեյանգը չափազանց վստահ է իր ուժերին, եթե իր հետ դիմակ է բերում խաղադաշտ։ Ես պետք է զրուցեմ նրա հետ այդ կապակցությամբ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցի նկատմամբ, իսկ 90 րոպե խաղացած Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Դա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում