15:49  ,  1 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Զգում էի, որ այս խաղում օգնելու եմ «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ վստահ հաղթանակը:

«Անցկացրինք հիանալի հանդիպում: Հնարավոր է, որ սա մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում: Շատ լավ հանդես եկանք առաջին խաղակեսում եւ ստեղծեցինք մի շարք գոլային պահեր: Ընդմիջումից հետո էլ շարունակեցինք խաղալ նույն ոգով եւ տարանք արժանի հաղթանակ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իլկայ Գյունդոգանին ու բոլոր թիմակիցներիս, ովքեր օգնեցին ինձ գոլ խփել: Զգում էի, որ այս խաղում կարող եմ օգտակար լինել թիմին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո 90 րոպե խաղաց «Բորուսիայի» կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դա նրա առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում