20:20  ,  28 փետրվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը «Բորուսիային» օգնեցին դերբիում

Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակից Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը վերջապես ընդհատեց գոլային երաշտը՝ բացելով իր գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը երկարատեւ դադարից հետո Գերմանիայի առաջնությունում դարձյալ ընդգրկվել էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում եւ անցկացրեց լավ հանդիպում:

Առաջին խաղակեսում դորտմունդցիները նկատելիորեն գերազանցեցին մրցակիցին, սակայն բաց թողեցին մի շարք իրական գոլային պահեր: Միայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կորցրեց «Շալկեի» դարպասը գրավելու 3 լավ հնարավորություն:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո «Շալկեն» չկարողացավ անառիկ պահել դարպասը: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» պահպանում էր մեծ առավելությունը եւ մեկը մյուսի հետեւից կորցնում էր գոլային պահեր, իսկ հյուրերի 19-ամյա դարպասապահ Տիմոն Վելենռոյտերը անցկացնում էր հիանալի հանդիպում: Երկրորդ խաղակեսում լավ պահեր կորցրեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, ով 78-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հենրիխի փոխանցումից հետո գնդակն անդրադարձի օգնությամբ հայտնվեց Օբամեյանգի մոտ, իսկ Գաբոնի հավաքականի հարձակվողը բացեց հաշիվը: Անցավ եւս մեկ րոպե եւ արդեն գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը Գերմանիայի այս առաջնությունում: «Շալկեն» դեռ ուշքի չէր եկել նոկդաունից, երբ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հեղինակեց դաշտի տերերի երրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ «Բորուսիան» այս հաղթանակից հետո 28 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Շալկե»՝ 3:0

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 78, Հենրիխ Մխիթարյան, 79, Մարկո Ռոյս, 86

«Բայեր» - «Ֆրայբուրգ»՝ 1:0

Սիմոն Ռոլֆես, 33

«Հոֆենհայմ» - «Մայնց»՝ 2:0

Կեւին Ֆոլանդ, 55, Եվգեն Պոլանսկի, 76

«Հանովեր» - «Շտուտգարտ»՝ 1:1

Լարս Շտինդլ, 70 – Կրիստիան Գենտներ, 52

Հեռացումներ՝ Լարս Շտինդլ, 90 – Մարտին Հարնիկ, 90

«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 1:0

Սալոմոն Կալու, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով