01:37  ,  26 փետրվարի, 2015

Չեմպիոնների լիգա. «Մոնակոն» Լոնդոնում հաղթեց «Արսենալին»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիան ներկայացնող «Մոնակոն» Լոնդոնում 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:

Անգլիացիները շատ ակտիվ սկսեցին խաղը եւ առաջին խաղակեսում ունեին նկատելի առավելություն, բայց չկարողացան գոլ խփել: «Մոնակոն» իր առաջին գոլային պահն ավարտեց դարպասի գրավումով՝ հաշիվը բացելով 38-րդ րոպեին, երբ անդրադարձի օգնությամբ գեղեցիկ գոլ խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ջոֆրեյ Կոնդոգբիան:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Մոնակոն» անսպասելիորեն խփեց երկրորդ գոլը: 53-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Անգլիայում երկար տարիներ խաղացած Դիմիտար Բերբատովը: Խաղի վերջնամասն «Արսենալն» անցկացրեց մրցակցի կիսադաշտում, սակայն «Մանակոն» շատ վստահ էր պաշտպանվում: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում դաշտի տերերին հաջողվեց փոխարինման դուրս եկած Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենի գոլի շնորհիվ կրճատել հաշիվը, բայց վայրկաններ անց «Մոնակոն» խփեց նաեւ երրորդ գոլը՝ ներկայացնելով հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ:

Պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին Մոնակոյում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Արսենալ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:3

Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 90+1 - Ջոֆրեյ Կոնդոգբիա, 38, Դիմիտար Բերբատով, 53, Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 90+4

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Պեր Մերտեսակեր, Լորան Կոսելնի, Կիրան Գիբս, Սանտի Կասորլա (Տոմաշ Ռոսիցկի, 82), Ֆրանսիս Կոկլին (Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 68), Ալեքսիս Սանչես, Մեսութ Օզիլ, Դենի Ուելբեկ, Օլիվյե Ժիրու (Թեո Ուոլքոտ, 60):

«Մոնակո». Դանիել Սուբաշիչ, Ալմամի Տուրե, Այմեն Աբդենուր, Ուալաս, Էլդերսոն, Ֆաբինյո, Ժոաո Մոուտինյու, Ջոֆրեյ Կոնդոգբիա, Նաբիլ Դիրար (Լայվեն Կուրզավա, 82), Անտոնի Մարտիալ (Բերնանդո Սիլվա, 84), Դիմիտար Բերբատով (Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 76):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով