14:20  ,  22 փետրվարի, 2015

Փոլ Սմիթ. Այս անգամ Արթուր Աբրահամն ավելի ուժեղ էր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Փոլ Սմիթն այդ տիտղոսի տիրակալ Արթուր Աբրահամից կրած պարտությունից հետո ամփոփել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած մենամարտը:

«Զգացի, որ այս անգամ զիջեցի Աբրահամին, սակայն չեմ զղջում մենամարտի համար: Արթուրն անակնկալի բերեց ինձ մեկ կամ երկու անգամ: Այս անգամ նա ավելի լավ տեսք ուներ, քան նախորդ մենամարտում: Կարծում եմ՝ կարող էի ավելի լավ մենամարտել, բայց արժանի տեսք ունեի աշխարհի չեմպիոնի դեմ մենամարտում: Սուպերմիջին քաշային կարգում նա Կարլ Ֆրոչից հետո է, եւ ես հավատում եմ, որ առաջին մենամարտում հաղթել եմ Աբրահամին»,- 32-ամյա բրիտանացու խոսքը փոխանցում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում 35-ամյա հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հերթական անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Աբրահամի եւ Սմիթի միջեւ նախորդ մենամարտը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Այդ մարտից հետո բրիտանացին հայտարարել էր, որ մրցավարներն օգնել են Արթուրին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում