23:22  ,  12 փետրվարի, 2015

Փաշիկ Ալավերդյան. Տ. Մարտիրոսյանի, Ա. Միրզոյանի եւ Ա. Կարապետյանի համար կանցկացվի ընտրական մրցում

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի 77 կգ քաշային կարգի ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Առաքել Միրզոյանը չեն մասնակցում Հայաստանի առաջնությանը: Տիգրան Մարտիրոսյանը նոր է ապաքինվել վնասվածքից, Առաքել Միրզոյանը ցանկություն է հայտնել չմասնակցել: Բայց մարտ ամսին հատուկ այս քաշային կարգի երեք ուժեղագույն ծանրորդների՝ Տիգրան Մարտիրոսյանի, Առաքել Միրզոյանի եւ Անդրանիկ Կարապետյանի համար  կանցկացվի մրցափուլ, որի արդյունքում կորոշվի, թե ով ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում կներկայացնի Հայաստանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում փետրվարի 11-14-ը անցկացվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Ծանրամարտի Հայաստանի առաջնության 2 մրցումային օրերի ընթացքում մրցահարթակ են դուրս եկել 56, 62, 69 եւ 77 կգ քաշային ծանրորդները: 56 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Դավիթ Դավայանը,  62-ում՝  Սմբատ Մարգարյանը,  69-ում ՝ Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում Ժորժ Եղիկյանը:

Փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան 85 եւ 94 կգ քաշային ծանրորդները, իսկ առաջնության վերջին օրը ուժերը կչափեն 100 կգ եւ գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանի եւ Եվրոպայի առաջնությունից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որն ի դեպ օլիմպիական վարկանիշային վերջին մրցումն է լինելու:

Պարոն Ալավերդյան, ովքե՞ր են չեն մասնակցում Հայաստանի առաջնությանը եւ ինչո՞ւ:

Հայաստանի առաջնության արդյունքներով կկազմվի նոր հավաքական: Հավաքականը նոր կազմ ձեւավորելու խնդիր չունի: Խնդիրը միայն այն է, որ պետք է վերանայել հավաքականը: Մեզ անհրաժեշտ է վերակառուցված հավաքական, որպեսզի պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիայի եւ մարզչական անձնակազմի միակ մտածմունքը աշխարհի առաջնությունն է, մեր աշխատանքները լիովին կենտրոնանում են աշխարհի առաջնության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օլիմպիական միավորներ վաստակելու մեր վերջին հնարավորությունն  է:

Եվրոպայի առաջնությունում կարող ենք փորձարկել նոր ծանրորդների, հնարավորություն տալ մասնակցել այն ծանրորդներին, ովքեր առաջին անգամ են իրենց ուժերը չափելու Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի առաջնությանը դեռեւս հանդես են եկել 4 քաշային կարգերի մարզիկները: Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները: Ի՞նչ գնահատական կտաք այս չորս քաշային կարգերի ծանրորդների մարզավիճակին:

Դեռ ժամանակ շատ կա, մարզիկը չի կարող երեք ամիս մնալ իր ամենաբարձր մարզավիճակում: Հայաստանի առաջնությանը մասնակցում են մեր հավաքականի այն մարզիկները, ովքեր ինչ-որ տեղ դեռ աշխատելու, աճելու տեղ ունեն: Այժմ մենք փորձարկուն ենք՝ կարող են այս մարզիկները այդքան հասցնել, թե նրանց այդքան էլ չչարչարենք, թողնենք, որ մարզվեն, շարունակեն դեպի աշխարհի առաջնությունը:

Առաջնությանը չի մասնակցում  77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը: Նա նոր է ապաքինվել եւ ընդամենը հունվարից է սկսել մարզվել: Այսօր արդեն Տիգրանը հասել է իր մարզավիճակի 60 տոկոսին: Այսօր նրան չարչարել, ստիպել մասնակցել իմաստ չունի: Ավելի լավ է Տիգրանն աստիճանաբար հավաքվի, մարզվի, գա իր նորմալ մարզավիճակին: Այս քաշային կարգում խնդիր ունենք՝ ընդամենը երեք ուժեղագույն ծանրորդներ՝ Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը, ով այս պահին զրկված է որեւէ մրցումներին մասնակցելուց, եւ Առաքել Միրզոյանը, ով եւս չի մասնակցում Հայաստանի առաջնությանը: Առաքել Միրզոյանը ցանկություն է հայտնել չմասնակցել Հայաստանի առաջնությանը, որպեսզի Եվրոպայի համար նախատեսված փորձամրցումում ավելի լավ մարզավիճակում լինի: Եվրոպայի համար նա կպայքարի:

77 կգ քաշային կարգում այս երեք իրոք հսկաներն ունենք, որոնց միջեւ մարտին կլինի պայքար Եվրոպայի առաջնությունում հանդես գալու համար: Ցավոք երեքն էլ չեն կարող մասնակցել, քանի որ նույն քաշային կարգում երկու ներկայացուցիչ պետք է ունենանք: Այդ պատճառով մարտի 20-23-ին  ֆեդերացիան կկազմակերպի փորձամրցում այս երեք մարզիկների միջեւ: Մեր ծանր հրետանին այս քաշային կարգում է՝ պայմանավորված այս երեք հսկաներով:

Ո՞ր քաշային կարգում հավաքականն ունի խնդիր:

Խնդիր ունենք 69 կգ քաշային կարգում: Հայաստանի չեմպիոն դարձավ Վանիկ Ավետիսյանը այս քաշային կարգում: Այսօրվա բարձրացրած կիլոգրամներով անցած տարի Վանիկ Ավետիսյանը Հայաստանի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը: Նա դեռ հեռու է Եվրոպայի առաջնությունում բարձրացրած կիլոգրամներից: Հույս ունենք, որ Վանիկը կաճի այնքան, որ կկարողանա բարձրացնել այնքան, որքան Եվրոպայի առաջնությունում բարձրացրել է: Դեռ ժամանակ ունենք եւ շատ աշխատանք: Սա մեր մարզչական տակտիկան է:

Գերծանր քաշային կարգում ինչպիսի՞ն են ծանրորդների արդյունքները:

Հայաստանի առաջնությանը չի մասնակցում գերծանր քաշային կարգում մեր ուժեղագույն ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը: Նա պետք է մասնակցեր: Վնասվածքներն անցել էին, ցավեր չուներ, հավաքների ժամանակ ծանր կիլոգրամներ էր բարձրացնում, պատրաստ էր Հայաստանի առաջնությանը, բայց առաջնության մեկնարկի օրն ինձ անակնկալ մատուցեց.  Այսօր առավոտյան արթնացել է, ասում է՝ «դաստակի ցավից մեռնում եմ, չեմ կարողանում շարժեմ»:  Առաջնությունից հետո կտեսնենք, եթե վիրահատության հարկ կա, անպայման կվիրահատվի: Չեմ կարծում, որ Եվրոպային հասցնի ապաքինվել: Ու շատ հնարավոր է՝ Եվրոպայի առաջնությանը գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չունենանք: Այս քաշային կարգում մեր առաջատարներից Հայկ Հակոբյանն էլ ուսի վնասվածք ունի: Փորձեցինք ինչ-որ բան անել հավաքի ժամանակ, բայց ոչինչ չստացվեց: Նա չի մասնակցի Եվրոպայի առաջնության նախապատրաստական հավաքին: Գերծանր քաշային Գոռ Մինասյանն էլ մինչեւ մայիսի 10-ը զրկված է մրցումներից:

Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ կապված ի՞նչ  ծրագրեր կան:

Նա կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Արդեն նախատեսել ենք, որ նա այնպայման հանդես կգա Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշային կարգում: Այժմ մասնակցում է Հայաստանի առաջնությանը: Ինքս նրան առաջադրանք եմ տվել՝ քաշ չգցել, 107-108 կկանգնի, էական չէ, միայն տեսնենք թե ինչի է ի վիճակի ներկա դրությամբ Սիմոն Մարտիրոսյանը: Հավաքի ժամանակ չէի ասի, թե Սիմոնը հասել է իր մարզավիճակի բարձրակետին, բայց ամեն դեպքում պատանի է եւ աստիճանաբար կաճի:

Իսկ ո՞վ է այժմ իր մարզավիճակի բարձրակետին: Հավաքականում ունե՞նք ծանրորդ, ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը մեդալների հավակնությամբ:

Այն մարզիկը, ով այժմ հասած լինի իր մարզավիճակի բարձրակետին, Եվրոպայի առաջնությունում ոչինչ չի անի: Երեք ամիս մարզիկը չի կարող մնալ «պիկի» մեջ: Մարզիկը մնում է պիկի մեջ ամենաշատը երեք շաբաթ. նյարդային համակարգ կա, ուղեղի հոգնածություն կա, սիրտ-անոթային համակարգի հոգնածություն եւ այլն:

Արդեն երկու ամիս գլխավորում եք հավաքականը: Հայաստանի առաջնությունն ավելի պարզ ցույց կտա, թե որքան աշխատանք ունեք անելու Հայաստանի հավաքականում: Նախորդ մարզիչ Պողոս Պողոսյանի կողմից արված աշխատանքի վրա Ձեր անելիքը շա՞տ է:

Աշխատանք շատ կա: Բայց այնպես չէ, որ ես զրոյից եմ սկսում: Սկզբից էլ աշխատանք շատ է արվել, մարդիկ, Պողոս Պողոսյանը շատ մեծ աշխատանք է կատարել: Պատահական չէ, որ ունեցել ենք Եվրոպայի մրցանակակիրներ, աշխարհի առաջնությունում 5-րդ, 7-րդ տեղեր: Սա աշխատանքի արդյունք է: Պողոս Պողոսյանի աշխատանքին գումարած ես պետք է կարողանամ ավելացնել արդյունքները: Բացի հիմնական  անելիքներից, ես մեծ ուշադրություն եմ դարձնում սննդի ապահովմանը եւ մի փոքր էլ կարգապահական խստություն եմ մտցրել: Ես շատ գոհ եմ եւ շնորհակալ նախկին մարզիչներից, մասնավորապես, Պողոս Պողոսյանից:

Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանի առաջնությունից հետո: Որտե՞ղ են նախատեսված Եվրոպայի առաջնության նախապատրաստական հավաքները:  

Հայաստանի առաջնութունից հետո ես կմեկնեմ Թբիլիսի՝ Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը այնտեղ կազմակերպելու համար: Երբ վերադառնամ, կսկսենք հավաքները փետրվարի 20-ից մարտի 7-ը. աղջիկները՝ Աբովյանում, տղաները՝ Ծաղկաձորում, որպեսզի միմյանց չխանգարեն: Մի քանի օր դադարից հետո աղջիկները կգնան Ծաղկաձոր, տղաները՝ Աբովյան: Հավաքը կավարտենք մարտի 26-ին: Եթե Թբիլիսում հաջողվի հավաք կազմակերպել, ապա մարտի 28-ին կմենենք այնտեղ, վերջին հավաքը կանցկացնենք եւ կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով